Գործազուրկները աշխատանքի կտեղավորվեն, գործատուները փոխհատուցում կստանան․ նոր նախագիծ է հանրային քննարկման ներկայացվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում աշխատաշուկայում աշխատուժի պահանջարկի հնարավոր անկման ու դրա հետ կապված սոցիալական ճգնաժամի ազդեցությունների մեղմման և դրա հետևանքով գործազուրկի կարգավիճակում հայտնված անձանց զբաղվածության ապահովման նպատակով մշակել «Հայաստանի Հանրապետությունում «Կորոնավիրուս (COVID-19)» համաճարակի շրջանակներում գործազուրկներին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագիրը։

Ծրագրի շահառու են հանդիսանում տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձինք, ում աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2020 թվականի մարտի 13-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ: Ծրագրում առաջնահերթության կարգով կընդգրկվեն հաշմանդամություն ունեցող, երեխաներ ունեցող և ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող անձինք:

Ծրագրով նախատեսվում է աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին տրամադրել միանվագ փոխհատուցում 250 հազար դրամի չափով։ Ծրագրի տևողությունը առնվազն մեկ տարի է: Շահառուին սեզոնային աշխատանքի ընդունելու դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է յուրաքանչյուր տարի առնվազն վեց ամիս ժամկետով՝ գումարային առնվազն ապահովելով շահառուի 12 ամսվա զբաղվածությունը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 500 շահառուի համար: Ծրագրի նկատմամբ մեծ պահանջարկի առկայության պարագայում կքննարկվի ծրագրում ընդգրկվող շահառուների թվի ավելացման հարցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել