2020թ. հուլիսի 31-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ոստիկանները, Երևան քաղաքի Շիրազի փողոցում ծառայություն կատարելիս, նկատել են, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները։ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել փաստաթղթերը ներկայացնելու՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, որից հետո ոստիկաններին է մոտեցել վերոնշյալ ավտոմեքենայի վարորդի ընկերը, որը, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, քաշքշել է ոստիկանության ծառայողների համազգեստից, ապա՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածել նրանցից մեկի կրծքավանդակին։
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օր֊ենսգրքի 316֊-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-֊ին մասով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերոնշյալ ոստիկանը ճանաչվել է տուժող, կատարվել են առգրավումներ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-֊ին մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: