Ռեստորանների հայկական միությունը շնորհակալություն է հայտնել վարչապետին ու կառավարությանը

Ռեստորանների հայկական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ռեստորանների հայկական միությունը գոհունակությամբ արձանագրում է, որ հանրային սննդի ոլորտում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու իր հերթական նախաձեռնությունը հաջողություն է պսակվել։

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ՀՀ կառավարության հետ սկզբունքային համաձայնություն է կայացվել հանրային սննդի ոլորտին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Օժանդակության նպատակն է սատարել ռեստորանային բիզնեսին առկա ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու, ի մասնավորի՝ աշխատատեղերը պահպանելու համար ոլորտի ձեռնարկություններին հատկացնել դրամաշնորհ աշխատավարձի ֆոնդը համաֆինանսավորելու տարբերակով։

Ռեստորանների Հայկական Միությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը պետություն-մասնավոր հատված համագործակցության այս կարևոր ձևաչափը հաստատելու առումով և լիահույս է, որ այն շարունակական բնույթ կունենա։

Ռեստորանների Հայկական Միությունը այսուհետ ևս նպատակաուղղված և թիրախային գործունեություն է իրականացնելու հանրային սննդի ոլորտի խնդիրները լուծելու և բնագավառի կայուն զարգացումն ապահովելու նպատակով»։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել