ԱԺ ԲԿՀ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ասյօր՝ հուլիսի 31-ին, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ գրառմանը, գրել է․ «Երբ մանդատը պահելու մոլուցքը վեր է տղամարդկային ու բարոյական բոլոր արժեքներից
Զարմանքս, անկեղծորեն, չկարողացա թաքցնել, երբ կարդացի երբեմնի գործընկերոջս՝ Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: Մի պահ թվաց, թե նրա՝ սևով սպիտակին հանձնած մտքերը ծնունդ են առել հիշողության ժամանակավոր կորստի արդյունքում, հետո հասկացա՝ այդքան բաղձալի մանդատը ամեն գնով պահելու ճիգերն են նրա փոխարեն այդ տեքստը երկնել: Իսկապես ամաչում եմ… Դիրքորոշման էական տարբերությունների մասին խոսում է մի մարդ, որը ԲՀԿ քաղխորհրդի մինչև վերջին նիստը իր անվերապահ աջակցությունն ու համաձայնությունն է հայտնել կայացված բոլոր որոշումների վերաբերյալ:
Պետության հավերժական լինելու և հայոց պետականության հզորացման անհրաժեշտության մասին խոսում է մի մարդ, ում կողմից պետությանը հասցված միլիոնների վնասի կասկածանքով քրեական գործեր են հարուցված: Ընդ որում այդ վնասը փոխհատուցելու անհրաժեշտության մասին բազմիցս Բագրատյանին հորդորել է հենց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այդ գործում առաջարկելով թե՛ իր, և թե՛ մեր ամբողջ թիմի օգնությունը: Երևի հենց այս հակասությունների մասին է խոսում պարոն Բագրատյանը, երբ ինքն ընդդիմանում էր պետությանը հասցված վնասը վերականգնել, իսկ մենք հակառակն էինք պնդում: Ինչևէ, իսկապես ցավում եմ, որ ընդամենը պատգամավորական մանդատը պահելու համար մարդ կարող է անցնել իր բարոյականության, իր տղամարդկային խոսքի, իր սկզբունքների վրայով: Թեպետ ինչ սկզբունքների մասին է խոսքը, երբ մարդու միակ սրբությունը մանդատն է…»,-նշել է նա։
Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԲՀԿ խմբակցությունը լքելու պատճառներին, գրել է.
«Սույն թվի հուլիսի 23-ին դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս եմ գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակով:
Դուրս գալու պատճառը եղել է այն, որ տևական ժամանակ իմ քաղաքական դիրքորոշումը էականորեն տարբերվել է ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների բովանդակությունից և առանցքային հայտարարություններից առաջ քանիցս ներկայացրել եմ իմ անհամաձայնությունն ու առարկությունները: Նոր Հայաստանի հայտարարած արժեքների հաստատման համար տասնյակ տարիներ պայքարել եմ և պայքարելու եմ:
Հզոր պետականության, առանց բռնության հասարակության, մարդու իրավունքների գերակա արժեքներն այն նպատակադրումներն են, որոնք ինձ ուղեկցել և ուղեկցելու են միշտ: Քաղաքական միավորներն անցողիկ են, պետությունն է հավերժ:
Իմ գործունեությունն ուղղված է եղել և այսուհետ առավելապես միտված է լինելու հայոց պետականության հզորացմանը: Գրեթե համոզված եմ, որ բոլոր քաղաքական միավորներն առնվազն այս մոտեցումներն ընդունում են, սակայն դրանց հասնելու ճանապարհները տարբեր են: Այստեղ է, որ իմ պատկերացումները տարբերվում են ԲՀԿ-ի ուղենիշներից:
Մանդատը վայր դնելու մասին. ՀՀ սամանադրության 94 հոդվածի համաձայն՝ Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով: Հստակ գրված է՝ ամբողջ ժողովրդին, ոչ թե որևէ քաղաքական միավորի:
Պատգամավորության ընթացքում իմ կատարած աշխատանքի մասին. parliamentmonitoring կայքում արձանագրված են իմ աշխատանքի ակտվության ցուցանիշները՝ 132 պատգամավորների թվում ամենաշատ ելույթներ բաժնում 2-րդ հորիզոնականն եմ զբաղեցնում՝ 196 ելույթներ և հարցեր. 19 օրենսդրական նախաձեռնություն և այլն:
Խնդրում եմ անհամեստություն չդիտարկել, սակայն այս թվերը նույնպես հաստատում են ԱԺ-ում աշխատանքը շարունակելու իմ իրավունքը: Իսկ նոր կարգավիճակում կրկնապատկելու եմ իմ եռանդը, և իմ գիտելիքն ու փորձը ծառայեցնելու եմ իմ հրաշալի հայրենիքի հզորացմանը, պետականության ամրապնդմանը,հայ ժողովրդի լավագույն շահի սպասարկմանը:
Շնորհակալություն եմ հայտնում ԲՀԿ իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Առողջ եղեք, շուտով կհանդիպենք…»։