Ես չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը. Վահրամ Ավետիսյան

Այսօր՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հայտնեց, որ շուրջ 3 ժամ ընթացած քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրեցին ինչպես սոցցանցերում, մամուլի կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը, այնպես էլ աիյնպիսի հարցեր, որոնք լրատվամիջոցների կողմից չէին հնչեցվել:

«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել հարցերի վերաբերյալ իմ վերաբերմունքը, իմ մոտեցումները, որոնք իմ կարծիքով «Իմ քայլի» պատգամավորներին թույլ կտան ձեւավորել մոտեցում հետագա գործընթացներում»,-ասաց նա:

Ավետիսյանը անդրադարձել է նաև այն դիտարկմանը, որ իր հայրն է ժամանակին դակել քաղաքական դատավարությունների, այդ թվում «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները, եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները և նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել իր թեկնածությունը, Վահրամ Ավետիսյանն ասաց. «Այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Իմ մոտեցումը հետեւյալն է, որ ես ամենեւին չեմ ուզում արդարացնել նորանկախ Հայաստանում դատական համակարգում առկա խնդիրները: Նաեւ չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը: Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյոք Վճռաբեկ դատարանը ըստ էության, գործ քննող դատարան է, թե ոչ: Արդյոք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»:

Նշենք, որ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ժամանակին հայտարարել, որ քաղաքական վճիռներ են կայացել, ՍԴ դատավորի թեկնածուն ընդգծեց. «Այստեղ մասնագիտական հարթության մեջ պետք է նայենք: Վճիռները ի՞նչ հիմքով են բեկանվում: Այսինքն արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտում, թե՞ նոր երեւան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են: Ամեն դեպքում՝ ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց չեմ կիսում դրանք, որովհետեւ ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, որոնք առնչություն են ունեցել այդ գործերին: Իմ հայրը արդեն 4-5 տարի է թոշակի է գնացել, ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել