ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ 2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա փողոցում գտնվող ոստիկանության վարչական շենքի մոտ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան տուգանային հրապարակ ուղեկցելու և վարորդի հետ օրենքով սահմանված համապատասխան գործողություններ կատարելու անհրաժեշտության հետ կապված՝ վերջինս՝ երեք տղամարդու հետ միասին, հարձակվել, բռունցքներով հարվածներ են հասցրել ու քաշքշել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկաններին՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, որից հետո ավտոմեքենաներով դեպքի վայրից դիմել են փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, երկու ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վերոնշյալ մեքենայի վարորդին, ինչպես նաև երեք անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: