Արտաշատի ԲԿ-ի պարզաբանումը՝ նորածնի վաճառքի հետ կապված ոստիկանության բացահայտման վերաբերյալ

Արտաշատի բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Համացանցում շրջանառվող՝ նորածնի վաճառքի վերաբերյալ մասին հաղորդագրությունում ցավալի սխալմունք է առկա: Հաղորդագրությունում նշվում է՝ «Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվեց, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։
Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո, հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ»:

Բացի այն, որ իրավական ու բարոյական տեսանկյուններից դատապարտելի և մեզ համար պարզապես անընդունելի է երեխաների վաճառքով զբաղվելը, ուզում ենք նշել, որ ցավալի այս դեպքը չէր կարող տեղի ունենալ մեր կենտրոնում նախ այն պարզ պատճառով, որ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը մարտի 31-ից վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն կենտրոնի և սպասարկում է բացառապես կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներին, հետևաբար մարտի 31-ից մեր կենտրոնում ծննդօգնություն ծառայությունը չի տրամադրվել, իսկ հաղորդագրության մեջ նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել հուլիսի 13-ին:

Հարկ ենք համարում նաև ընդգծել՝ եթե նույնիսկ մեր կենտրոնում եղած լիներ ծննդաբերությունը, Արտաշատի ԲԿ-ում մերժելի են ու պարզապես բացառվում են այսօրինակ բոլոր երևույթները։

Ցավում ենք դեպքի առթիվ և դատապարտում ենք նմանատիպ բոլոր արարքները։ Համոզված ենք, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը»։

Հավելենք, որ հայտարարությունը տարածել է ոստիկանությունը։ 

https://www.facebook.com/995630390622652/photos/a.1047462588772765/1500688953450124/?type=3&theater

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել