Բացահայտվել է Սարի թաղում ինքնաձիգով կատարված սպանության փորձը

Հուլիսի 14-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սարի թաղում բնակվող 27-ամյա մի երիտասարդ։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած քրեական հետախույզներն ու քննիչները չկարողացան զրուցել տուժողի հետ.  նա վիրահատվում էր և ի վիճակի չէր բացատրություն տալու։

Շուտով հայտնի դարձավ, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Սարի թաղից, ավելին՝ վնասվածքները ստացել է իրենց տան դիմաց։ Դեպքի վայր հրավիրվեցին փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնանման հետքերով պատռված հագուստ, «Կալաշնիկով» ինքնաձիգի կրակված պարկուճներ և այլն։

Մինչ քննիչներն ու փորձաքրեագետները զննում էին դեպքի վայրը, Էրեբունու քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մեքենան այնպես էր վարել, որ դուր չէր եկել թաղեցի 39-ամյա մի տղամարդու։

Նա դիտողություն էր արել, ինչը վերածվել էր վիճաբանության։ Միջադեպը շարունակվել էր երիտասարդի տան դիմաց, և 39-ամյա տղամարդը ինքնաձիգով կրակոցներ էր արձակել երիտասարդի ուղղությամբ։ Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ Էրեբունու քրեական հետախույզները նաև բացատրական աշխատանք իրականացրին։

Արդյունքում` հուլիսի 17-ին նա գնաց ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի հատկանիշներով։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։

Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են ինքնաձիգը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել