ԲՈԿ-ի պարզաբանումը՝ Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից զրկելու հրամանի վերաբերյալ

Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ԶԼՄ-ներում հայտնվել են որոշ կարծիքներ, որոնք վերաբերում են ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 17.07.2020թ.-ի թիվ 107 Ա հրամանին: Այդ հրամանով Դիանա Գալոյանին Ը.00.06 – միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր էր ճանաչվել ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը:

Չմեկնաբանելով Հրամանի բովանդակությունը` ցանկանում ենք ներկայացնել որոշ դիտարկումներ ՀՀ ԲՈԿ-ի լիազորությունների վերաբերյալ: Վարույթի վերաբերյալ միայն կնշենք, որ Դիանա Գալոյանի` ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ վերջինս իրազեկված է եղել վարչական վարույթի և լսումների վերաբերյալ, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք:

1. ԲՈԿ-ի կարգավիճակի վերաբերյալ: ԲՈԿ-ը վարչական մարմին է և իրավունք ունի վերանայելու իր վարչական ակտերը: Այդ հարցը պարզելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որը հայտնել էր, որ ԲՈԿ-ը վարչական մարմին է, իսկ նրա ընդունած որոշումը վարչական ակտ է, և դրա վրա տարածվում են «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վարչական ակտի վերանայման մասին կանոնները: Այդ պարզաբանումների հիման վրա ԿԳՄՍՆ-ն 19.02.2020 թ. կարգադրել է ԲՈԿ-ին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ըստ անհրաժեշտության:

2. Ընդունված վարչական ակտը վերանայելու ԲՈԿ-ի լիազորությունների վերաբերյալ: Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերության` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»: Այսինքն՝ վարչական մարմինը կարող է վերանայել իր իսկ ընդունած վարչական ակտն անկախ վերադաս վարչական մարմնի կարգադրության և անկախ բողոքի առկայությունից, եթե հայտնաբերում է անվավերության հիմք հանդիսացող փաստեր: Տվյալ դեպքում ԲՈԿ-ն իմացել է այդ փաստերի մասին համապատասխան հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին:

Վերադաս վարչական մարմնի կողմից վարչական ակտի վերանայումն այլ կարգավորում է, որը նախատեսված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով:

3. ԲՈԿ-ի՝ կոլեգիալ մարմին լինելու և նախագահի լիազորությունների վերաբերյալ: ԶԼՄ-ներում հնչել են կարծիքներ, որ ԲՈԿ-ը կոլեգիալ մարմին է, և ԲՈԿ-ի նախագահը չի կարող վարչական ակտ կայացնել: Նախ ԲՈԿ-ի՝ կոլեգիալ մարմին լինելու փաստը հաստատող որևէ կարգավորում չկա: Բացի դրանից, ԲՈԿ-ի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը հստակ սահմանում է` «Նախագահը առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից»:

4. ՀՀ ԲՈԿ-ի և ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի վերաբերյալ: Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի՝ «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե»:

5. Վարույթ հարուցելու որոշումը բողոքարկելու իրավական հետևանքները: ԶԼՄ-ներում հնչել են կարծիքներ, որ ԲՈԿ-ի կողմից վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում վարչական վարույթը պետք է կասեցվի: Վարչական վարույթը կասեցնելու բոլոր հիմքերը տրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում, որտեղ այդպիսի կարգավորում նախատեսված չէ:

Բացի դրանից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը նշում է` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Խոսքը միայն վարչական ակտի բողոքարկման դեպքում դրա միայն կատարման կասեցման մասին է:

Վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, ուստի օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն այս դեպքում կիրառելի չէ (տե՛ս թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 25.05.2016թ.-ի որոշումը):

6. ԲՈԿ-ի վարչական ակտի բողոքարկման հետևանքների վերաբերյալ: Ցանկացած սուբյեկտ կարող է բողոքարկել իրեն առնչվող միջամտող վարչական ակտը: ԲՈԿ-ի վարչական ակտը նույնպես կարող է բողոքարկվել: Բողոքարկման հետևանքները, ինչպես նշվեց, նախատեսված են Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»:

Այսինքն՝ վարչական բողոք բերելը կասեցնում է ոչ թե վարչական ակտի գործողությունը, այլ կատարումը: Մասնավորապես, եթե որևէ վարչական ակտով հասցեատերը ծանրաբեռնվել է պարտավորությամբ, կամ իրեն շնորհվել է իրավունք, բողոքարկման դեպքում որևէ մեկը չի կարող հասցեատիրոջը պարտադրել պարտավորության կատարում, միաժամանակ հասցեատերը չի կարող պարտադրել իրավունքի իրացում:

Սակայն բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը: ԲՈԿ-ի՝ գիտական աստիճան շնորհելու կամ  գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու դեպքում, անկախ բողոքարկումից, դրա գործողությունը սկսում է ուժի մեջ մտնելու պահից, և հասցեատերը համարվում է գիտական աստիճան ունեցող կամ չունեցող հենց այդ պահից:

Հավելենք, որ թեմային անդրադարձել է նաև Իրավաբան.net-ը։

Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժ/պ Դիանա Գալոյանը զրկվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել