Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Իրավաբան․net-ը ներկայացնում է դատավորների կենսագրությունը։
Գևորգ Նարինյան
Ծնվել է 1979 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
2001 թվականին ավարտել է Երևանի Մենեջմենթի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2003 թվականին ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:
Աշխատանքային փորձ
2001 թվականին աշխատել է «Արաքս-ֆիրմա» ՍՊԸ-ում`որպես իրավախորհրդատու:
2002 թվականին աշխատել է «Արաքս-ֆիրմա» ՍՊԸ-ում`որպես իրավախորհրդատու:
2003 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:
2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես դատավորի խորհրդական:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում` որպես նախագահի խորհրդական:
2009 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես դատավորի օգնական:
2012 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականի մարտի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2001 թվականից մինչև 2002 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Արա Կուբանյան
Ծնվել է 1970 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1996-1997 թվականներին՝ որպես փոխանակման ծրագրով ուսանող, սովորել է ԱՄՆ Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական դպրոցում:
Աշխատանքային փորձ
1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնում՝ որպես խորհրդատու։
1995 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի սահմանադրական և դատաիրավական ռեֆորմների ենթաբաժնում որպես խորհրդատու։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի գործադիր վարչությունում որպես տնօրենի տեղակալ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես արտաքին կապերի բաժնի վարիչ:
2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:
Դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 2013 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում:
Այլ տեղեկություններ
1988-1989 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։
2005 թվականի մայիսին մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային-դատավարական մեխանիզմները» վերտառությամբ վերապատրաստման դասընթացներին (փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն և խտրականության արգելք) Նիդեռլանդների Թագավորությունում:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: