Օրինջ Բրենդ Սերվիզիս Լիմիտիդ ընկերության ներկայացուցիչը ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի, երրորդ անձ «Քալրֆուլ Մոբայլ» ՍՊԸ-ի` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի թիվ 115/10 որոշումն ամբողջությամբ վերացնելու և «ORANGE MOBILE» ապրանքային նշանի թիվ 12146 գրանցման գործողությունը անվավեր ճանաչելու» պահանջի մասին։ Հայցվոր կողմը դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը 2010թ. մայիսի 31-ին որոշում է ընդունել Բողոքը մերժելու և «Քալրֆուլ Մոբայլ» ՍՊ ընկերության «ORANGE MOBILE» համակցված ապրանքային նշանի գրանցումը ուժի մեջ թողնելու մասին:
Հայցվորը հանդիսանում Է Հայաստանի Հանրապետության տարածքում «ORANGE» բառային տարրը պարունակող ազգային և/կամ միջազգային ընթացակարգով գրանցված մի շարք ապրանքային սպասարկման նշանների իրավատերը։
«ORANGE MOBILE» նշանի փորձաքննության ընթացքում մտավոր սեփականության գործակալությունը անտեսել է այն փաստը, որ Հայցվորի անունով մինչև հակադրվող նշանի գրանցման ներկայացնելու թվականը գրանցված ապրանքային նշանները բացառապես վերաբերել են հեռահաղորդակցության ոլորտին՝ անխտիր ներառելով նաև ԱԾՄԴ հեռահաղորդակցության դասը 38։ Այդպիսի պարագայում գրանցման ներկայացված «ORANGE MOBILE» նշանի հենց «MOBILE» բառը պետք Է մտավոր սեփականության գործակալության փորձագետներին հուշեր հակադրվող նշանների շփոթության հնարավորության մասին։
Դատարանի եզրահանգմամբ՝ տվյալ տեպքում հայցվորի կողմից համեմատվել են ոչ թե ապրանքային նշանները, այլ «ORANGE» բառային ապրանքային նշանը «ORANGE MOBILE» համակցված ապրանքային նշանի «ORANGE» բառի կամ տարրի հետ, ինչպես նաև «ORANGE MOBILE» ապրանքային նշանում որպես առաջնային ընկալման տարր ուղղակի նշվել է «ORANGE» տարրը, որի արդյունքում հայցվորը հանգել է իր հայցադիմումում նշված եզրահանգմանը։ Նման պայմաններում դատարանը եզրակացնում է, որ հակադրված և վիճարկվող ապրանքային նշանները շփոթելու աստիճան նման չեն, քանի որ «ORANGE MOBILE» ապրանքային նշանը համակցված է և բաղկացած է բառային և պատկերային տարրերից։
Դատարանը վճռեց հայցը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց հայցվորների վերաքննիչ բողոքը բավարարել, վարչական գործն ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Աղբյուրը` Իրավաբան.net