Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 4-ին տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում: Նպատակը կուսակցությունների նախընտրական ծրագրերում ընդգրկված կոռուպցիայի դեմ պայքարին և ստվերային տնտեսությանը վերաբերող հիմնադրույթների և կիրառման մեխանիզմների ներկայացումն էր: Միջոցառման կազմակերպիչն էր ՇՊԱԿ-ների ազգային ցանցը և Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը:
Ողջույնի խոսքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց ՇՊԱԿ-ների ազգային ցանցի գործունեության ուղղությունները և «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման էությունը:
Նախապես քննարկմանը հրավիրված համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող բոլոր 9 կուսակցություններից միայն 5-ի ներկայացուցիչներն էին ներկա` ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ, «Միավորված Հայեր»: Կային մասնակիցներ նաև ՀՀ Գլխավոր դատախազությունից, տեղական և միջազգային կառույցներից:Կուսակցությունների ներկայացուցիչները նշեցին` կա համակարգային բարեփոխումների մեծ խնդիր: «Բարգավաճ Հայաստան», Ժառանգությունը», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Միավորված հայեր» կուսակցությունների ներկայացուցիչները անդրադարձան իրենց նախընտրական ծրագրերի հակակոռուպցիոն գործունեությանն առնչվող կետերին: Իսկ ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը կոռուպցիայի դեմ պայքարը մի ձևով է պատկերացնում` առաջիկայում եթե լինեն տնտեսական բարեփոխումներ, կոռուպցիան կվերանա, չեն լինի` չի վերանա:
Նունե Հովսեփյան