63-ամյա կնոջը խեղդել էր 22-ամյա հարևանը․ երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 14-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի տներից մեկը՝ 63-ամյա տանտիրուհուն օգնություն ցուցաբերելու, սակայն նա մահացած էր։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Կինը հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի բարեկամները գնացել էին նրա տուն ու տեսել, որ սանհանգույցում մահացել է։

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ կնոջը խեղդամահ են արել։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Արարատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության ծառայողների հետ, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ սկսեցին։

Շուտով հայտնի դարձավ, որ տնից բացակայում է սպանվածի բանկային քարտը։ Վարկած առաջ քաշվեց, որ քարտը հափշտակել է նրան խեղդած անձը։ Ժամեր տևած օպերատիվ միջոցառումները հաջորդ օրն արդյունք տվեցին։ Վարկածը փաստական տվյալներով հաստատվեց։

Արարատի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց կնոջ հարևանը։ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հուլիսի 15-ի գիշերը, Կոտայքի մարզում և կասկածանքով բերման ենթարկվեց Արարատի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել