Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակված է ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Բելառուսի Հանրապետությունը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։ Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների օգնությամբ։ Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, խուսափել լարվածության աճի և մարդկային զոհերի հանգեցնող ցանկացած քայլից»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարությունը հուսով է հայտնում, որ Բաքուն և Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կդրսևորեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստություն և խոհեմություն՝ գիտակցելով ողջ տարածաշրջանի կայունության պատասխանատվությունը:
«Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրներն իրենց հեղինակությունն օգտագործում են լարվածությունը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հրապարակված հայտարարությունում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:
Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:
Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: