Արտակարգ դրության պայմաններում աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը կվերահսկի Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը

«Աշխատանքային օրենսգրքի» վերջին փոփոխություններով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկել էր արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում հավելյալ լիազորություններ սահմանել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի համար, որի շրջանակներում համաճարակների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման ժամանակահատվածում տեսչական մարմինը կարող է իրականացնել գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտել մայիսի 8-ից, սակայն տեսչական մարմնի լիազորությունները ամբողջ ծավալով հնարավոր չէր իրականացնել, քանի դեռ կանոնադրությամբ այդ լիազորությունները սահմանված չէին, ուստի եղել են դեպքեր, երբ քաղաքացիների կողմից իրենց իրենց իրավունքների խախտման վերաբերյալ ստացված դիմումներին ընթացք չի տրվել:

Օրերս հաստատվել է տեսչական մարմնի փոփոխված կանոնադրությունը, որի լիազորում է այս կառույցին արտակարգ դրության պայմաններում իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը:

Այսպիսով, եթե համարում եք, որ Ձեր աշխատանքային իրավունքները խախտվել են, կարող եք դիմել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ ներկայացնելով խախտման դեպքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել