Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում հուլիսի 13-ին առցանց սեմինար իրականացվեց Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտների հետ:
Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին, Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով պաշտոնյա Ռազմիկ Սարգսյանին և Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյանին՝ հետաքրքիր միջոցառում կազմակերպելու և մասնակցության համար: Կարեն Զադոյանը խոսեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուների վերաբերյալ՝ կարևորելով աշխատանքը մատաղ սերնդի ներկայացուցիչների հետ:
«Սա յուրահատուկ ծրագիր է, քանի որ առաջին անգամ հակակոռուպցիոն ոլորտի թեմաներով աշխատելու ենք ավագ դպրոցի աշակերտների հետ»,-նշեց Կարեն Զադոյանը:
Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով կարևորեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը:
«Ծրագրին մասնակցելու աշակերտների ընտրությունը մեծապես վկայում է ակտիվ և պատասխանատու քաղաքացի լինելու, մեր երկրում ժողովրդավարական գործընթացներին մասնակից դառնալու, կոռուպցիայի դեմ պայքարում առաջամարտիկ լինելու ցանկության մասին, որը մեծապես խրախուսելի, ողջունելի է մեր կողմից, և դա է մեր տեսլականը կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Ռազմիկ Սարգսյանը, ով նշեց, որ այս ծրագիրը հատկապես հետաքրքիր է՝ ի գիտություն ընդունելով երիտասարդների ներգրավածությունը: Ռազմիկ Սարգսյանի խոսքով, այն հանգամանքը, որ եթե նախկինում նման ծրագրերը հնարավորություն էր պարզապես դրսևորվել որպես ակտիվ քաղաքացի, ապա այժմ այն պրակտիկ և պահանջված գիտելիք է:
Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյանը իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպված իրազեկման հանդիպան համար, նշելով, որ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտները իրենց ակտիվ մասնակցությունը կունենան ծրագրին։ «Շատ դեպքերում ցանկությունը մեծ է կոռուպցիան արմատախիլ անել,ակտիվ մասնակցություն ունենալ, բայց չգիտենք թե ինչպես, կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը և հետագա աշխատանքները ծրագրի շրջանակներում կօգնեն որպեսզի երեխաները իրենց հակակոռուպցիոն գիտելիքները ավելացնեն և կարողանան անմիջական մասնակցություն ունենալ երկրում բարեփոխումների ընթացքին»,-ասաց դպրոցի տնօրենը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Զարինե Հովհաննիսյանը ևս կարևորեց յուրաքանչյուրի մասնակցությունը, անկախ իրենց մասնագիտական կողմնորոշումից, ակնկալելով նրանց ակտիվ մասնակցությունը ծրագրին:
Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:
Իրազեկման սեմինարին մասնակցեցին 40-ից ավելի աշակերտներ:
Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: