2020թ. հուլիսի 9-ին՝ ժամը 22:40-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի բակում ընտանեկան շան վրա գարեջուր լցնելու հարցի շուրջ ամուսինները վիճաբանել են մի խումբ երիտասարդների հետ, որին միջամտել են նշված շենքերի բնակիչները:
Վիճաբանության ժամանակ երիտասարդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, իրենց մոտ եղած գարեջրի ապակյա տարայով հարվածել են վիճաբանության մասնակից տիկնոջ գլխին, ծեծի ենթարկել վերջինիս ամուսնուն, ձեռքերով, ոտքերով և շշերով հարվածներ հասցրել նշված շենքի բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև վնասել շենքերի բակում կայանված ավտոմեքենան:
Վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է վերոհիշյալ շենքի 44-ամյա բնակչի կրծքավանդակի ձախակողմյան հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, գարեջրի ջարդված շշերի բեկորներ, վնասված ավտոմեքենա, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատատեխնիկական փորձաքննություններ, առգրավվել են կռփազենք, դանակ:
2020թ. հուլիսի 10-ին խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մասնակիցներից մեկը՝ Արագածոտնի մարզի 23-ամյա բնակիչը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: