Թեժ գծի զանգերի նվազումը և ստուգայցերի արդյունքները վկայում են՝ խախտումները կտրուկ նվազել են․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի առաջին շաբաթվա համեմատ՝ մոտ 5 անգամ։ Ընդ որում՝ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։ 

Նույնն են փաստում նաև ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։ ԱԱՏՄ ամեն հերթական դիտարկման և անակնկալ ստուգայցի արդյունքում արձանագրվում է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։ Խախտումների նվազման միտում է նկատվում նաև մարզերում։

Վերջին օրերին ԱԱՏՄ կողմից կասեցվող տնտեսավարողերի թիվը ևս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների նկատմամբ։

 Կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցն այսօր հերթական անգամ ընդգրկել է Երևանի Էրեբունի վարչական շրջանը։ Ուշագրավ է, որ այստեղ դիտարկված տնտեսավարողներից և որևէ մեկի մասով կասեցման միջնորդություն չի ներկայացվի պարետին։ Ընդ որում՝ այսօր կրկնայց է կատարվել նաև նախկինում մի շարք լուրջ խախտումներ թույլ տված սուպերմարկետ, որտեղ, ըստ դիտարկման, թերացումները շտկված են եղել։

Խախտումների նվազման դրական միտմանը զուգահեռ՝ անակնկալ ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ սահմանված նորմերը դիտարկվում են խստությամբ, եւ դրանց չպահպանումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։ 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել