Բարեվարքության ինստիտուտը գործողության մեջ՝ Դատախազության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործակցությամբ

Հայաստանում պաշտոնատար անձանց, պետական պաշտոններ զբաղեցնելու հավակնորդների բարեվարքության ինստիտուտի ներդրումը և վերջինիս շրջանակներում ՀՀ դատախազության և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև համագործակցությունն սկսում են տալ իրենց առաջին արդյունքները։  

Արդեն տեղեկացրել ենք, որ 2020թ հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթը։ 

Վերջինիս մասնակցելու համար դիմած անձանց փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմում ուսումնասիրելու ընթացքում պարզվել է, որ հայտատուներից մեկը, ի թիվս դիմումին կից ներկայացված փաստաթղթերի, որպես աշխատանքային գործունեությունը հավաստող փաստթուղթ, ներկայացրել է  2017թ մայիսի 1-ից մինչև 2019թ մայիսի 1-ը ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Պարզվել է, որ տվյալ անձը 2016-2020թթ ընթացքում պարբերաբար դիմել է դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու նպատակով անցկացվող բաց մրցույթներին մասնակցելու համար, սակայն երբևէ մասնագիտական աշխատանքային գործունեությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ հայտերի ընդունման ընթացքում նրանից պահանջվել են իր աշխատանքային գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր։ Քաղաքացին ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանք նրա՝ 2017-2019թթ ընթացքում աշխատանքային գործունեություն իրականացրած լինելու մասին: Արդյունքում որակավորման հանձնաժողովը բավարարել է վերջինիս հայտը և նրան թույլատրել է մասնակցել մրցույթին։ 

Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 381 հոդվածի՝ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցելու համար դիմող անձինք այլ փաստաթղթերի հետ ներկայացնում են նաև  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։ Մրցույթն անցկացնող Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ երկշաբաթյա ժամկետում անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալու նպատակով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացության համաձայն՝ իրենց ուսումնասիրության արդյունքում նշած ՍՊԸ-ում տվյալ անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ  տվյալները չեն հաստատվել: Ավելին, Հանձնաժողովը նշել է, որ 2019 թվականից նա զբաղեցնում է իր իսկ հիմնադրած ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը՝ միաժամանակ արձանագրելով, որ աշխատանքային փորձառության և մասնագիտական գործունեության վերաբերյալ այլ արժանահավատ տեղեկություններ առկա չեն:

2020թ հուլիսի 1-ին տվյալ դիմորդը չի մասնակցել բաց մրցույթին, և ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ հարցմամբ նրանից ստանալ պարզաբանումներ։

Ելնելով նրանից, որ վերոնշյալ հանգամանքները ողջամիտ կասկած են առաջացրել ներկայացված փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա Հարությունյանի գրությամբ դրանք ուղարկվել են  Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու հանձնարարությամբ։

Հարկ է նշել, որ Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազները կլինեն առաջին պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ում վերաբերյալ իրականացվել է բարեվարքության ստուգման գործընթաց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել