Կառավարությունը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակին:

Կառավարությունն ընդունել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ «Լիճք» ենթակայանը շահագործվում է 1961թ.-ից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթակայանը շահագործվում է ավելի քան 50 տարի, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքներ: Միաժամանակ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում վերջին տարիներին արտադրող կայանների ավելացումը պահանջում է վերանայել բարձրավոլտ ենթակայանների և օդային գծերի հզորությունները՝ արտադրված էլեկտրական էներգիան վերջնական սպառողին հասցնելու նպատակով:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նման որոշում ընդունելու հրատապությունը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներում ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմամբ: «Այն ենթադրում է ՀՀ կառավարության որոշակի պարտավորություններ, մասնավորապես՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է մեր կողմից ընդունվի «Լիճք» կայանի միջոցով: Այս փուլում «Լիճք»-ն ի վիճակի չէ դա իրականացնել: Հաշվի առնելով, որ «Մասրիկ 1»-ի ֆինանսավորումը մեր կողմից արդեն հաստատվել է, շուտով կսկսի շինարարությունը՝ հրատապ քայլեր պետք է իրականացվեն»,-ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ «Լիճք»-ի շինարարությունը իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփական ֆինանսական միջոցների հաշվին: «Սա ևս աննախադեպ է, նախկինում բոլոր մեր ենթակայանները վերակառուցվել ու կառուցվել են վարկային միջոցների հաշվին։ Գնային առաջարկների ներկայացման հարցումներ են ուղարկվել նախկինում ընկերության այլ ենթակայանների վերակառուցման աշխատանքներում ներգրավված կապալառուներ ABB, General Electric, Siemens AG, Kaskad-Energo LLC ընկերություններին: Ի պատասխան գնային առաջարկ է ներկայացր ել միայն Kaskad-Energo LLC ընկերությունը: Ընկերության ներկայացրած գնային առաջարկը կազմել է 9 998 232 ԱՄՆ դոլար: Ներկայացված գնային առաջարկի նվազեցման համար իրականացված բանակցությունների արդյունքում՝ գնային առաջարկը կազմում է 8 857 600 ԱՄՆ դոլար»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ սա նաև Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարևոր դերակատարում ունեցող ենթակայան է:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պայմանագրի համաձայն, այն պահին, երբ «Մասրիկ-1» կայանը սկսի էլեկտրաէներգիա արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլէներգիան ձեռք բերել: «Բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է այդ էլեկտրաէներգիայի դիմաց վճարել: Հետևաբար հրատապությունը նրանում է, որ մենք պետք է սինխրոնացնենք «Մասրիկ» կայանի և «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վնասներ չկրի»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն անդրադարձել է նաև «Մասդար» ընկերության ներդրումային ծրագրին: «Երբ կառավարության նիստում քննարկում էինք «Մասդար» ընկերության առաջարկած նախագծի շուրջ միջազգային մրցույթ հայտարարելու հարցը, ասում էինք, թե արդյոք այս մեխանիզմով մրցույթները հետաքրքրություն կառաջացնեն: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ մրցույթին ևս 2 խոշոր ընկերություններ են հայտ ներկայացրել, և ակնհայտ է, որ մրցույթը կկայանա»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ դա արվում է հրապարակային, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա ամենաշահավետ առաջարկը:

ԱԱԾ-ին ամրացված շենքը մրցույթով կօտարվի

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով թույլատրել է Պետական գույքի կառավարման կոմիտեին Ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քառ մետր մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով: Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 062 100 320 ՀՀ դրամը։

Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 257 680 ՀՀ դրամը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 864 ՀՀ դրամ գումարը:

Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը, մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվողին՝ 70 տոկոս, ներդրումների չափը 30 տոկոս: Գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների՝ նշելով ամեն տարվա ներդրման չափը և չի կարող գերազանցել երեք տարին։

Վարչապետը հետաքրքվել է կառավարության նախկին որոշումներով նախատեսված Մոսկովյան 1 հասցեում ու Նորքի այգիներում գտնվող ևս երկու գույքի օտարման գործընթացից: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշել է, որ օտարվող գույքերի նկատմամբ հետաքրքրություն կա: Ըստ նրա՝ մրցույթներից մեկը նախատեսվում է իրականացնել հուլիսի 23-ին, մյուսը՝ օգոստոսին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գույքի վաճառքի որոշումը հակաճգնաժամային նշանակություն ունեցող քայլերից է: «Մենք փորձում ենք այսպիսով խթանել նաև ներդրումները Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ ներդրողների ուշադրությունը հրավիրել այս գույքերի վրա, որովհետև մեր գնահատմամբ՝ բոլորն էլ իրական ներդրումային հետաքրքրություն ներկայացնող կառույցներ են»,-ասել է վարչապետը:

Օրենսդրական նախաձեռնություն. առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում ստեղծել առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ

Գործադիրը հավանություն է տվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծի ընդունմամբ առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները` (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով: Նախագծով նախատեսվում է նաև արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համապատասխան հոդվածով բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ապա վերջինս պատասխանատվություն է սահմանում նախագծով սահմանված պարտավորությունների չկատարման համար` տուգանքի ձևով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով:

Այլ որոշումներ. կբարելավվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի հասցեկանությունն ու արդյունավետությունը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ըստ այդմ առաջարկվում է սահմանել, որ միանվագ դրամական աջակցության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրից կարող են օգտվել նաև անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները։ Այս դեպքում աջակցության չափը սահմանվում է փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս։ Պահպանվում են պետական աջակցության գումարի առավելագույն չափերը՝ 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար 500000 դրամ, միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ՝ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը)՝ 2 մլն դրամ, իսկ մինչև 30 տարեկան շահառուի դեպքում՝ 2.6 մլն դրամ։ Գործադիրը հաստատել է նաև ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը:

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ՍանԷներջի» ՍՊԸ-ը օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության՝ Արմավիրի մարզում արևային կայան կառուցելու համար։ Նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 77 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայո ւմ առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 126 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Արմենիա վայն» գործարանը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են օղու և գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Ընկերությունը 2016 թ-ին կառավարության համապատասխան որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 255 նոր աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ևս 1․6 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Արդյունքում կստեղծվ ի 40 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ:

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս դիմել է քաղաքացիներին և հորդորել պահպանել համավարակի տարածումը կանխարգելող կանոնները. «Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կրկին բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակ է և այդ համավարակի դեմ պայքարելու ամենաէֆեկտիվ միջոցը դիմակներ կրելն է, սոցիալական հեռավորություն պահպանելը և ձեռքերը պարբերաբար ախտահանելը: Ես ուզում եմ արձանագրել, որ դիմակների կրումը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում, բոլոր բաց և փակ տարածքներում: Մենք շարունակելու ենք հետևողականորեն իրականացնել այս քաղաքականությունը ինչպես հանրային հաղորդակցության, այնպես էլ վարչական միջոցներով:

Ուզում եմ հիշեցնել, որ դիմակի կրման պահանջը չկատարելը բերում է վարչական պատասխանատվության, բայց մեր խնդիրը այն է, որ քաղաքացիները դիմակ կրեն և չտուգանվեն, ոչ թե դիմակ չկրեն և տուգանվեն: Բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ պահպանել դիմակ կրելու սահմանված կանոնները, որովհետև դա է արդյունավետ գործիքը ճգնաժամային այս իրավիճակը հաղթահարելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել