ՀՀ վարչական դատարանի (նախագահությամբ` դատավոր Արման Թովմասյան) վարույթում է գտնվել վարչական գործը (թիվ ՎԴ/9294/05/11) ըստ հայցի ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ընդդեմ Էռնեստ Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Էռնեստ Հարությունյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ 19.11.2010 թվականի թիվ ԱԳ 012891 վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով դատարանի կողմից կայացրած վճռում առկա են մի շարք վրիպակներ, որոնք առաջին իսկ պահից մոլորության մեջ են գցում, թե ի վերջո դատավարական որ կողմի օգտին է կայացվել վճիռը:
Այսպես.
31.10.2011 թվականին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Էռնեստ Հարությունյանի՝ Էռնեստ Հարությունյանից 25.000 ՀՀ դրամ բռնագանձելու համար վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին։ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը, դիմելով Դատարան, հայտնել է, որ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 18.11.2010թ. որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի՝ տուգանք 5.000 դրամի չափով, որը համաձայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 305 հոդվածի 4-րդ մասի պահանջների՝ կազմում է 25.000 դրամ։ Ելնելով վերը նշվածից խնդրել է արձակել վճարման կարգադրություն Էռնեստ Հարությունյանից 25.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։
04.11.2011 թվականին Դատարանը արձակել է թիվ ՎԴ/36723/03/11 վճարման կարգադրությունը:
Պատասխանող Էռնեստ Հարությունյանը 19.12.2011 թվականին հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան, որով հայտնել է, որ թիվ ԱԳ 012891 վարչական իրավախախտման գործով որոշմամբ նշված է մեջբերում. «Վարորդը վարում էր մեքենան ամրագոտիով չամրակապված։ Խախտելու համար ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի համաձայն Է. Հարությունյանին տուգանել 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ 1-ին գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ Միրզոյան 19.11.2010թ. ք. Երևան»։ Արդյունքում նշված որոշմամբ առաջադրվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով։
Հակըննդեմ հայցվորի խոսքով՝ ինքը չի ծանուցվել և չի մասնակցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը (վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննություն ընդհանրապես չի էլ կայացել), ուստի վարչական մարմին հանդիսացող Ծառայությունը հակընդդեմ հայցով հայցվորին չի ներգրավել համապատասխան վարչական գործի վարույթին և վերջինիս դրա մասին ծանուցելու օրենքով սահմանված իր հայեցողությունն իրականացրել է ոչ պատշաճ, ինչի արդյունքում չի ապահովել անձի լսված լինելու իրավունքը՝ զրկելով վերջինիս ՎԻՎ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների լիարժեք իրականացման և պաշտպանության հնարավորությունից։ Դրանով իսկ սկզբնական հայցով հայցվորի կողմից խախտվել են նաև ՎԻՎ օրենսգրքի 256-րդ հոդվածի և 277-րդ հոդվածի 1-ին մասի հրամայական պահանջները։
Հայցվորը վկայակոչել է նաև ՎԻՎ օրենսգրքի 275-րդ, 278-րդ, 279-րդ հոդվածները և ելնելով վերը նշվածից խնդրել է անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ ճանապարհային ոստիկանության 19.11.2010թ. թիվ ԱԳ 012891 վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը ամբողջությամբ։
Դատարանը իր կողմից կայացրած ակտի պատճառաբանական մասում նշում է.
«Գնահատելով սույն գործով Դատարանին ներկայացված վերաբերելի և թույլատրելի ապացույցները` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունների վրա հիմնված, ներքին համոզմամբ, լսելով կողմի դատաքննությամբ տրված բացատրությունները, Դատարանը հանգեց հետևության, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ…»:
Վճռի «Դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում դատարանը նշում է, որ.
«…Սույն վարչական գործով Հայցվորը դիմել է Դատարան համարելով, որ 19.11.2010 թվականի թիվ ԱԳ 012891 որոշմամբ խախտվել են նրա՝ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, նրա վրա ոչ իրավաչափորեն դնելով պարտականություն։…»:
«…Վերը նշվածի հիման վրա Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով վիճարկվող 19.11.2010 թվականի թիվ ԱԳ 012891 որոշումը հանդիսանում է վարչական ակտ, քանի որ դրանում արտացոլված են վարչական ակտին բնորոշ բոլոր տարրերը և դրանով Հայցվորի համար սահմանվել է պարտականություն։…»:
«…Սույն վարչական գործով Հայցվորը, դիմելով Դատարան, խնդրել է ամբողջությամբ վերացնել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 19.11.2010 թվականի թիվ ԱԳ 012891միջամտող վարչական ակտը։…»:
«Սույն վարչական գործով Դատարանը գտնում է, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից կազմված 19.11.2010 թվականի թիվ ԱԳ 012891 որոշմամբ խախտվել է Էռնեստ Հարությունյանի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` օրենքով չսահմանված պարտականություն չկրելու իրավունքը։»:
Դատարանի ակտի «ՎՃՌԵՑ» բաժնում դատարանը գրում է.
«1. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցն ընդդեմ Էռնեստ Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել։
2. Էռնեստ Հարությունյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ 19.11.2010 թվականի թիվ ԱԳ 012891 վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել։
3. Անվավեր ճանաչել /վերացնել/ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 19.11.2010 թվականի թիվ ԱԳ 012891 որոշումը։…»:
Դատական ակտից անհասկանալի է դառնում, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ակտի կեսից գործով «Հայցվորի» դերում հանդես է գալիս Էռնեստ Հարությունյանը, նույն ինքը սույն գործով «Պատասխանողը», այլ ոչ թե ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը:
Եթե դատարանը գտնում է, որ «հայցը ենթակա է բավարարման», ապա ակնհայտ է, որ պետք է բավարարվեր «ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցն ընդդեմ Էռնեստ Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին»: Այնինչ վճռի «ՎՃՌԵՑ» բաժնում 1-ին կետով նշում է, որ «ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցն ընդդեմ Էռնեստ Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել»։
ՀՀ վարչական դատավարության մասին օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն՝
«Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի (Վճռի պարզաբանումը: Վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը) համաձայն.
«1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:
2. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:
3. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում:
4. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:»:
Կարծում ենք դատարանը սույն գործով պետք է կայացնի որոշում՝ վրիպակները, գրասխալները ուղղելու մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net