Ստեփանավանի բնակիչը ձերբակալվել է՝ դիմակ չկրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոստիակնների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

2020 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, պարետի՝ 2020 թվականի մայիսի 14-ի՝ համավարակի կանխարգելմանն ուղղված թիվ 74 որոշման 5-րդ մասի պահանջերը խախտելու, այն է՝ ավտոմեքենայով որպես ուղևոր երթևեկելիս պաշտպանիչ դիմակ չկրելու կապակցությամբ, նույն օրը՝ ժամը 19:45-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան:

Նշված ավտոմեքենայի ուղևորը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դուրս է եկել ավտոմեքենայից, վիճաբանել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների հետ և խաթարել իշխանության ներկայացուցիչների ծառայողական գործունեությունը. չի ենթարկվել ծառայությանը չխոչընդոտելու և հանդարտվելու՝ ոստիկանների օրինական պահանջին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ձեռքերով հարվածներ է հասցրել նրանց և քաշքշելով պոկել է համազգեստի վերնաշապկի կոճակները՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով:

Դեպքի առթիվ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում: Ոստիկաններից երեքը ճանաչվել են տուժող:

Քննությամբ պարզվել է ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած քաղաքացու ինքնությունը, որը Ստեփանավան քաղաքի բնակիչ է: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, հարցաքննվել դեպքի շուրջ և նույն օրը ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրության և հագուստների զննություններ, առգրավումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել