Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 2-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն գումար է հատկացվել «Էլեկտրատրանսպորտ», «Երևանի Ավտոբուս», «Երևանտրանս», «Ախտահանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին։
Կարգադրության մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 14-ի հ.28-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի 10.06.2020թ. հ.02/14-26836հ գրությունը.
1.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 09 խմբի 01 դասի «04. Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպությունների ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից, որպես աջակցություն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ ըստ ներկայացված ուղևորափոխադրամիջոցների ախտահանման կատարողական թերթիկների, հատկացնել 4639250 (չորս միլիոն վեց հարյուր երեսունինը հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ, որից՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ին՝ 429450 դրամ, «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին՝ 1647.8 հազար դրամ և «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ 2562.0 հազար դրամ՝ «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից, մայիս ամսին կատարված տրանսպորտային միջոցների ախտահանման աշխատանքների փոխհատուցման նպատակով՝ լիազորելով կնքելու նվիրատվության պայմանագիր։
2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանի վրա։