Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փնտրում եմ Երևանի կենտրոնում ինձ պատկանող բազմաբնակարան շենքի հասցեն ու սեփականության գրքույկը։
Կայքերից մեկը, որի անունը լավ չեմ մտապահել, այսօր տեղեկատվություն է տարածել Երևանի Կենտրոնում ինձ պատկանող բազմաբնակարան շենքի գոյության մասին՝ դրսևորելով դասական դեղին մամուլին բնորոշ բոլոր նրբերանգները:
Թերևս ամեն ինչ կլիներ հրաշալի, ես էլ՝ երախտապարտ, եթե այս բոցաշունչ վերնագիրը եզր ունենար իրականության ու իմ մարզպետ լինելու հետ:
Կայքը, շատ չէ, ընդամենը 2 կարևորագույն «մանրուք» է բաց թողել: Նախ այն, որ ես Երևանի կենտրոնում ընդամենը մեկ բնակարան ունեմ, և որ ամենակարևորն է՝ այն ձեռք եմ բերել դեռևս 2017թ.-ին: Եվ դա արել եմ սեփական քրտինքով օրուգիշեր իմ արդար վաստակի հաշվին, ոչ թե հերյուրանքների տարածման:
Եվ հա, ես պատրաստ եմ սույն կայքի հրապարակման հեղինակին տրամադրել ինձ պատկանող ողջ գույքի մասին ամենամանրամասն տեղեկատվությունը, պայմանով՝ որ խեղաթյուրված տեղեկատության հեղինակը կտրամադրի ինձ պատկանող բազմաբնակարան շենքի հասցեն ու սեփականության վկայականը:
Սպասում եմ…)»,-նշել է նա։