Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու Վիվա-ՄՏՍ-ը հուշագիր են ստորագրել

Հունիսի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի՝ կողմերը համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։

Հուշագրի շրջանակում իրականացվող «Բարև բալիկ» նախագծի միջոցով նախատեսվում է արդիականացնել Հայաստանում հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր և մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների և տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաև խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։ Ծրագրի շահառու խմբերն են՝ հղի կանայք, անպտղության խնդիրներ ունեցող անձինք և մինչև 6 տարեկան երեխաներ ունեցող ծնողները։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է մշակել և գործարկել կայքէջ ու բջջային հավելված՝ շահառուներին անհատականացված առողջապահական ծառայությունների ու տեղեկատվության տրամադրման, ծանուցումների ներկայացման, արագ արձագանքման և հետադարձ կապի նպատակով։ Իրականացվելու են նաև ծրագրի հետ կապված հանրային իրազեկման արշավներ։

Նախաձեռնությունն իրագործվում է Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում։

«Բարև բալիկ» ծրագիրը կիրականացնի Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել