ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այցելել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տոհմային տավարաբուծական ֆերմա

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն այցելել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տոհմային տավարաբուծական ֆերմա:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, հուլիսի 1-ից մեկնարկող սպանդանոցային պարտադիր մորթի անցման շրջանակներում սպանդանոցների կառուցման գործընթացին ծանոթանալու նպատակով նախաձեռնված մարզային շրջայցերի ընթացքում, այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա:

ՍԱՏՄ պատասխանատուները ծանոթացել են ֆերմայում ներդրված տեխնոլոգիաներին, կենդանիների պահման և կաթնամթերքի ստացման ավտոմատացված համակարգերին:

Սննդային արտադրանքի անվտանգությունն ապահովելու և եվրոպական չափանիշներին համապատասխան կաթնամթերք ստանալու համար ֆերմայում տեղայնացվել է միջազգային առաջադեմ փորձը: Ընկերության մասնագետները ներկայացրել են արտադրանքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը, բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը՝ կենդանիների կերի ստացումից մինչև մեքենայացված կիթի գործընթաց և պատրաստի կաթնամթերքի փաթեթավորում:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հատկապես բարձր է գնահատել ֆերմայում կիրառվող ավտոմատացված համակարգերը՝ կաթնամթերքի անվտանգության ապահովման տեսանկյունից: Նա նաև ընդգծել է այսպիսի բարձրակարգ ֆերմայում սպանդանոց ունենալու նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հավաստմամբ՝ ֆերմայի գործունեության հիմքում սննդամթերքի անվտանգության ու էկոլոգիապես մաքուր և առողջարար արտադրանք ապահովելու սկզբունքն է: Նա հավաստիացրել է, որ ֆերմայի զարգացման ծրագրերի շրջանակում է նաև սպանդանոցի կառուցումը, որը կնախաձեռնվի արդեն այս տարվա աշնանը:

ՍԱՏՄ պատասխանատուներն ու ընկերության տնօրենը քննարկել են սննդամթերքի անվտանգությանը, սննդային արտադրանքի առավել արդիական ստանդարտների մշակմանը, սպառողների անվտանգության ուղղված անհրաժեշտ գործընթացներին վերաբերող և այլ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել