«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կորոնավիրուսով վարակված քաղաքացի Ռոզա Համբարձումյանի խոսքը ուղղված «Նորք» ԻԿՀ-ին:
«Կորոնավիրուսը, ցավոք, հետապնդում է ողջ մարդկությանը։ Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվեցի, երբ գտնվում էի ծայրահեղ ծանր վիճակում։ Գիտակցում էի, որ ունենալով մի շարք ուղեկցող հիվանդություններ շատ պրոֆեսիոնալ ու պատասխանատու մասնագետների ձեռք պետք է ընկնել, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ այդ վիճակից։
Բարձր պրոֆեսիոնալիզմն ու հումանիզմը ի վիճակի են անել գրեթե անհնարինը։ Սկզբում շատ դժվար էր, բայց երբ շուրջդ մարդիկ են, որոնք անձնուրաց աշխատում են, չեն խնայում ոչինչ՝ նույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը` ամեն ինչ հնարավոր է դառնում։
Հումանիզմը տիրում է հիվանդների շուրջ։ Երևի թե հենց այս է մեզ ուժ տալիս։ Չնայած իմ ծայրահեղ ծանր վիճակին, այդ պահին ես զգում էի, որ ողջ բուժանձնակազմը անշահախնդիր կերպով կատարում է Հիպոկրատի երդումը։ Նրանցից էին 5֊-րդ բաժանմունքի վարիչ` Նաիրա Ստեփանյանը, բժիշկներ` Ժենյա Հարությունյանը, Վարսեն Ներսիսյանը, Լենա Նազարյանը, բուժաշխատողներ` Կարինե Մուրադյանը, Նազելի Պապեյանը, Վարդուհի Բաղդասարյանը և մյուս բոլորը։
Ամեն ինչ հանուն հայ մարդու առողջության, հարատևության ու գալիք ապագայի։
Առանձնակի շնորհակալություն Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ` Մհեր Դավիդյանցին և Առողջապահության նախարար`Արսեն Թորոսյանին հետևողական և բարձր մակարդակի աշխատանք կատարելու համար։
Կրեք դիմակներ, փրկեք կյանքեր»։