Երևանում նորոգվում են շենքերի տանիքները․ քաղաքապետարան

Մայրաքաղաքում 2020թ. ծրագրով 68479 քմ հարթ և 33104 քմ թեք տանիք կվերանորոգվի: Երևանի վարչական շրջաններում աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Մոտ 20 օր է՝ սկսվել են հարթ տանիքի վերանորոգման աշխատանքները, մոտավորապես 3500 քմ է նախատեսված այս տարվա ծրագրով: Երևի թե մեկ շաբաթից կավարտենք աշխատանքները: Ունենք նաև թեք տանիքների մասով աշխատանքներ՝ 9500 քմ, որը կմեկնարկենք հաջորդ շաբաթվանից»,- նշում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը:

«Այս տարի մեր ծավալները կրկնակի ավելացան: Ընդհանուր առմամբ 7500 քմ հարթ տանիքի վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու»,- նշում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:
Բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման հարցում այս տարի նոր մոտեցում է որդեգրվել: Նախ՝ հիմնականում վերանորոգվում է տանիքի ամբողջ մակերեսը, բացի այդ, երկշերտ ջրամեկուսիչ գորգ է փռվում հիմնական ծածկի տակ: Գորգի վերին շերտն, ի դեպ, պատված է բազալտե խոշորահատիկ հատուկ ծածկանյութով:

«Երկշերտ իզոգամ է պատվում, առաջին շերտը՝ 2.5 մմ, երկրորդը՝ 3 մմ: Ընդհանուր տանիքները ավազի հարթեցման շերտով են պատվում»,- ասում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի առաջին կարգի մասնագետ Գոռ Պողոսյանը:
«Փորձում ենք ոչ թե մասնակի վերանորոգումներ անել, այլև հիմնանորոգում, որպեսզի ամբողջական տվյալ շենքի տանիքի խնդրից վերջնական ազատվենք»,- նշում է Թելման Թադևոսյանը:

«Ավելի նպատակահարմար է ամբողջականով վերջացնենք, որպեսզի այդ խնդիրը շենք առ շենք լուծելով գնանք առաջ»,- նշում է Կարեն Հակոբյանը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով շենքի տանիքը ևս ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական նշանակությունն ու ծավալները՝ համայնքային իշխանությունն այս հարցում ևս աջակցում է շենքի կառավարման մարմիններին:

Տանիքների նորոգման ողջ գործընթացը վերահսկվում է տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների կողմից: Փորձաքննության են ենթարկվում օգտագործվող նյութերը. դրանք պետք է համապատասխանեն տեխնիկական բնութագրերին:

«Շինարարական աշխատանքներն ընթանում են պատվիրատուի կողմից նախատեսված չափորոշիչներով: Ներկա պահին չունենք խնդիրներ, ծավալային մասով ամեն ինչ քննարկվում է, ըստ ժամանակացույցի շարժվում ենք առաջ»,- նշում է տեխհսկողություն իրականացնող ընկերության տնօրեն Վահրամ Կնյազյանը:

Համայնքի հաշվեկշռում առկա՝ դեռևս խորհրդային տարիներին կառուցված շենքերից շատերի տանիքները վերանորոգման կարիք ունեն: Ծրագրում, առաջնահերթության սկզբունքով, նախ տեղ են գտնում ավելի խնդրահարույց շենքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել