Կարգելվի իրենց կյանքին վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց իրենց մոտ ունենալ իրերի որոշ տեսակներ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախատեսվում է,  որ իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց կարգելվի իրենց մոտ ունենալ՝ կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ՝ այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հնարավորություն կստեղծվի գործնականում բացառել կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր միջոցներին այն դատապարտյալների և կալանավորված անձանց հասանելիությունը, որոնք իրենց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հակում ունեն, այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում՝ այդպիսով նպաստելով ազատությունից զրկված անձանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխմանը և նրանց կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել