Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի Հայաստանցիներ,
Երկու օր է համացանցում նկատում եմ քննարկում մի նախագծի շուրջ, որը բացահայտորեն պարզաբանման կարիք ունի, թեպետ ԱԺ ամբիոնից Բաբկեն Թունյանը հանգամանալից ներկայացրել է այն, այնուամենայնիվ գրեմ նաև ես:
Մի փոքր հեռվից եմ գալու, քանի որ այս նախագիծն ունի հստակ նախապատմություն և ուղերձ:
2020 թ. համաձայն մեր նախընտրական խոստման և կառավարության ծրագրին, ԱԺ-ն համահարթեցրեց եկամտային հարկը՝ 23% դրույքաչափով։
Այս մեր քայլն արժանացավ թե դրական, թե բացասական արձագանքի. սա առանձին քննարկման թեմա է:
Այնուամենայնիվ, թե «Իմ քայլը» խմբակցությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել էին ելույթներում, որ եկամտահարկի համահարթեցման արդյունքում որոշ մարդկանց դիտարկմամբ կորսված սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակով մենք վերանայելու ենք «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը և ներդնելու գույքի հարկման նոր համակարգ։
Մենք հավատում ենք, որ աղքատության հաղթահարման միակ ճանապարհը աշխատանքն է, ուստի և աշխատանքը չպետք է բարձր հարկման ենթարկվի, իսկ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ելույթներից մեկում աշխատանքի հարկումը համեմատեց բարիքի հարկման հետ, որն էլ մենք հրաժարվում ենք բարձրացնել:
2019 թ. նոյեմբերին համաձայն մեր խոստման, մենք վերանայեցինք «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը, այսպիսով ՄՈՏԱՐԿԵՑԻՆՔ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ:
Այստեղ կարևոր է հաշվի առնել, որ կադաստրային արժեքը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից՝ ամոպտիզացիա՝ այսինքն շենքի մաշվածությունը, շուկայական գինը և այլն։
Ի դեպ, հենց այս քննարկման ժամանակ էր, որ ես օրինակ էի բերում հայնտի ներկա և նախկին պատգամավորների հայտնի դղյակների կադաստրային արժեքն ու համապատասխան գույքահարկի դիմաց վճարվող գումարը, կարող եք գտնել Հետք լրատվականի կայքում մանրամասները, իրոք զավեշտալի թվեր են:
Անցած շաբաթ արդեն ԱԺ-ում քննարկվեց «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխությունները, որով մենք վերացրեցինք չհարկվող մինիմալ շեմն ու ըստ էության գույքահարկի վճարման անցումային վեցամյա դրույթ սահմանեցինք, որով, սիրելի Հայաստանցիներ, առաջին տարին 2021թ.-ին դուք վճարելու եք գույքահարկի 25%, և միայն վեց տարի անց գույքահարկի հարյուր տոկոսը:
Այս քննարկումից իհարկե չէր կարող անմասն մնար սոցիալապես խոցելի խմբերի համար այն ծանր իրադրությունը, որը կարող է առաջացնել այս նախագիծը:
Նշեմ նաև, որ գույքահարկը ինչպես ԵՄ բոլոր մայրաքաղաքներում, այնպես էլ Երևանում տարբերվում է վարչական շրջանից շրջան:
Ուստի, «ԻՔ» խմբակցությունը շարունակելու է աշխատանքները, հատկապես միայնակ բնակվող տարեցներին և այլ սոցիալական խոցելի խմբերի մասին ձեր կողմից բարձրացված մտահոգությունների մասով:
Ուզում եմ տեղեկացնել, համայնքի ավագանին կարող է իր կողմից հավաքվող ամբողջ գույքահարկի 10%֊ի չափով արտոնություն տալ խոցելի խմբերին՝ նրանց համար զեղչելով կամ ընդհանրապես զրոյացնելով վճարվող հարկի գումարը։
Առաջարկների դեպքում, գրեք, սիրով կփոխանցեմ հանձնաժողովին: Լավ հանգստյան օրեր բոլորին»։