Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի նպատակն է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման ծրագիրը դարձնել առավել գրավիչ աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների համար, ինչպես նաև ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրումը դարձնել առավել նպատակային ու հասցեական:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2014թ․ ուժի մեջ մտած «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով կանոնակարգվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ լիազորված մարմնի՝ ի դեմս Զբաղվածության պետական գրասենյակի, համագործակցութան իրավական շրջանակները, սահմանվել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կողմից այդ կազմակերպությունների մատուցած ծառայություններից օգտվելու համար աջակցության իրավունքը, միաժամանակ, այդ իրավունքի իրացման նպատակով, օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտով հաստատվել է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։
Չնայած վերոնշյալ իրավական կարգավորումներին՝ իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները հնարավորություն չեն տվել լիարժեքորեն իրականացնել ծրագիրը սկսած 2015թ-ից։ Մասնավորապես՝ 2015թ. կնքվել է համագործակցության հուշագիր աշխատանքի տեղավորման ոչ պետական 7 կազմակերպությունների հետ, սակայն շահառուներ չեն ընդգրկվել ծրագրում։ Ծրագրի չիրականացման հիմնական պատճառներից է եղել աջակցության տրամադրման պայմանների թույլ գրավչությունը ոչ պետական կազմակերպությունների համար։
Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է՝
- համագործակցության հուշագիր կնքած կազմակերպություններից ամենամսյա պարբերականությամբ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն առկա թափուր կամ նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ, կազմակերպությանն առավել հարմար եղանակով, ինչի հիման վրա կատարված տվյալների համադրման արդյունքում թափուր աշխատատեղերին համապատասխանող անմրցունակ անձանց առկայության դեպքում (իրենց համաձայնությամբ) միայն զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից կկատարվի ուղեգրում ոչ պետական կազմակերպություն․
- աշխատաշուկայում անմրցունակ անձին աշխատանքի տեղավորման նպատակով ոչ պետական կազմակերպությանը տրամադրվող փոխհատուցումը ոչ պետական կազմակերպությանը վճարելու փուլերը փոփոխել, վերջիններիս համար դրանք դարձնելով առավել գրավիչ, միաժամանակ նվազեցնելով ծրագրի շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցները ոչ նպատակային ծախսելու ռիսկերը,
- հանել աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից ստացած ֆինանսական միջոցները վերադարձնելու պարտադիր պահանջը։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
- զբաղվածության ծառայություններ մատուցող պետական և աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջև փոխշահավետ և կայուն համագործակցության ապահովում․
- աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովում` աշխատանքի տեղավորման լրացուցիչ հնարավորությունների ընձեռման միջոցով: