Ի՞նչ սկզբունքով են մարզերի դատավորները տեղափոխվում Երևան քաղաքի դատարան և ինչո՞ւ են նոր ավարտած դատավորները մշտապես գործուղվում մարզեր․ փաստաբան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հարց է ուղղել Բարձրագրության դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանին, Հայկ Հովհաննիսյանին և Մեսրոպ Մակյանին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։

Արձագանքել են Գրիգոր Բեքմեզյանն ու Հայկ Հովհաննիսյանը։

«Ի՞նչ սկզբունքով են մարզերի դատավորները տեղափոխվում Երևան քաղաքի դատարան և ինչո՞ւ են նոր ավարտած դատավորները մշտապես գործուղվում մարզեր: Արդյո՞ք այս քաղաքականությունը թափանցիկ է և սքողված չէ՝ «ծանոթ-բարեկամ», «լավ պապա-մամա», «այլ հնարավորություններ» «քաղաքականությամբ»: Օրինակ դատավոր գիտեմ ով անհիշելի ժամանակներից դիմել է Երևան տեղափոխվելու համար, քանի որ ընտանիքը այստեղ է, բայց ստացել է մերժում: Դատավորներ էլ գիտեմ, ովքեր առանց որևէ խոչընդոտի (օրինակ 2011թ-ին նշանակվել է Լոռու մարզի դատավոր և արդեն 2016-ին տեղափոխվել է Երևան կամ 2016թ-ին նշանակվել է Լոռու մարզի դատավոր և 2018թ-ին տեղափոխվել է Երևան) մի քանի տարում հայտնվել են Երևանում և իրականացնում են այնպիսի դատավարություններ, որ անկեղծ զղջում ես, որ դու ևս իրավաբան ես:

ԱՌԱՋԱՐԿ – Եթե իրոք մտահոգված եք դատական իշխանության հեղինակությամբ, ապա մաքսիմալ ԹԱՓԱՆՑԻԿ դարձրեք այդ տեղափոխման գործընթացը, որպեսզի մարդիկ հասկանան թե կոնկրետ այս դատավորը իր ո՞ր արժանիքների համար եկավ Երևան, գնաց Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան»:

Ի պատասխան գրառման, Հայկ Հովհաննիսյանը նշել է, որ փաստաբանը լեգիտիմ հարցարդում է բարձրացնում։ «Ես էլ եմ նույնը ասել 1000 անգամ»,-նշել է ԲԴԽ անդամը։

ԲԴԽ մյուս անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշել է, որ ինքը ևս բարձրացրել է այս հարցը։ Նա օրենքին է հղում արել՝ նշելով․ «Դատական օրենսգրքի 119-րդ հոդվածի համաձայն

1. Բացառիկ հիմքերի, ներառյալ՝ պաշտոնավարմանը խոչընդոտող ընտանեկան, անձնական բնույթի հանգամանքների առկայության դեպքերում առաջին ատյանի դատավորն իրավունք ունի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված հերթից դուրս դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով իրեն նշանակել մեկ այլ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում՝ տվյալ առաջին ատյանի դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում:

2. Դիմում ներկայացնող դատավորը դիմումի մեջ պետք է շարադրի տեղափոխման հիմնավոր պատճառներ»։

Բացի այս, Բեքմեզյանը հայտնել է, որ 2019 թ-ին իր ԲԴԽ գնալուց ի վեր, իր սկզբունքային մոտեցումն է եղել՝ ամեն դեպքում հնարավորինս պահպանել Օրենսգրքի պահանջը՝ բացառելով ծանոթ բարեկամով Երևան կամ Երևանին մոտ գալու հնարավորությունը։

«Պետք է նշեմ, որ վերջին նշանակումները ապացուցում են, որ Խորհուրդը ևս պահպանում է Օրենսգրքի պահանջը։ Ամեն դեպքում համաձայն եմ նաև, որ ձևակերպումը հստակ չի, ուստի ուզում եմ հայտնել, որ ես ու Արմեն Հայկյանցը արդեն աշխատում ենք հոդվածի փոփոխության նախագծի վրա, որը ավելի կհստակեցնի տեղափոխությունների գործընթացը»,-հավելել է Գրիգոր Բեքմեզյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել