Ա.Մուրադխանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ Հ.Ավագյանի` Երևանի քաղաքապետարանին ք. Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի թիվ 64 բնակարանի 1/3-ի մասն անժառանգ գույք ճանաչելու և այդ գույքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ճանաչելու գործընթացին սահմանված կարգով ընթացք տալ պարտավորեցնելու, նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո դրա արժեքի սահմաններում` 4000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, ինչպես նաև 2007թ. օգոստոսի 1-ից մինչև պարտքի փաստացի մարումը այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների` Ա.Մուրադխանյանի դրամական պահանջը բավարարելու պահանջների մասին։
Հայցվորը հայցադիմումով հայտնել է, որ Ա.Ավագյանը, 25.05.2007թ. գրված ստացականի համաձայն, Ա.Մուրադխանյանից պարտքով վերցրել է 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մինչև 2007թ. օգոստոսի 1-ը վերադարձնելու պայմանով։ Ա.Ավագյանն իր դրամական պարտավորությունը չի կատարել և Ա.Մուրադխանյանը 20.05.2010թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ա.Ավագյանի՝ գումարի բռնագանձման պահանջով՝ խնդրելով պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 4000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղ. օր-ի 411 հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 2007թ. օգոստոսի 1-ից մինչև պարտքի փաստացի մարումը։ Արմեն Ավագյանը մահացել է 01.11.2009թ.։ Նրան է պատկանել ք. Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի թիվ 64 բնակարանի 1/3-րդ մասը։
Երևանի քաղաքապետարանի 06.04.2012թ. թիվ 07/Ք-44 գրությամբ Ա.Մուրադխանյանը տեղեկացվել է, որ Հ.Ավագյանը հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի թիվ 64 բնակարանում, ուստի Ա.Մուրադխանյանի խնդրանքը բավարարելու իրավական հիմքեր չկան, իսկ 18.04.2012թ. թիվ 07/Ք-213 գրությամբ հայտնել է, որ Ա.Մուրադխանյանը կարող է դիմել դատարան` գույքն անժառանգ ճանաչելու պահանջով, գործով որպես կողմ ներգրավելով նաև Երևանի քաղաքապետարանին։
Սույն գործով երրորդ անձ Հ.Ավագյանը հանդիսանում է Ա.Ավագյանի եղբայրը, այսինքն` վերջինիս երկրորդ հերթի ժառանգը։ Հ. Ավագյանը հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի թիվ 64 բնակարանում, որի 1/3-րդ մասը փաստացի առանձնացված չէ։ Դա նշանակում է, որ վերջինս կարող է դիմել դատարան` ժառանգությունը` փաստացի տիրապետմամբ ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով` ներկայացնելով փաստացի տիրապետման վերաբերյալ ապացույցներ, որպիսի դիմումը դատարանի կողմից կարող է բավարարվել։ Այսինքն, Հ.Ավագյանը, հանդիսանում է ըստ օրենքի ժառանգ, չի մեկուսացվել և չի հրաժարվել ժառանգությունից, ինչը նշանակում է, որ դեռևս սպառված չեն բոլոր այն հիմքերը, որոնց առկայության դեպքում գույքը կարող է ճանաչվել անժառանգ։
Դատարանն անհիմն է համարել հայցվորի այն փաստարկները, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.07.2011թ. թիվ ԵԱՔԴ/0946/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով համարվել է, որ Հ.Ավագյանը չի ընդունել եղբոր՝ Ա.Ավագյանի ժառանգությունը: Դատարանը եզրակացրեց, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի թիվ 64 բնակարանի 1/3 մասն անժառանգ գույք ճանաչելու և դրա նկատմամբ Երևան համայնքի սեփականությունը ճանաչելու հայցվորի դիմումով պայմանավորված Երևանի քաղաքապետարանի գործողությունները իրավաչափ են, բխում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերը նշված հոդվածների պահանջներից, ուստի հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա մերժման։
Դատարանի վճռի հետ համաձայն չլինելով՝ հայցվորը ներկայումս սույն վճիռը վիճարկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
Աղբյուրը` Իրավաբան.net