Թոռները Արևաշող համայնքից բնակարան չեն ստանա

Ա.Մանուկյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և Արևաշողի գյուղապետարանի՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011թ. մարտի 1-ի թիվ 24 հրամանի փոփոխությունը անվավեր ճանաչելու և իր ընտանիքի 6 անդամներին Արևաշող համայնքի ցուցակում ընդգրկված ճանաչելու պահանջի մասին:

Դիմելով Դատարան՝ Հայցվորը հայտնել է, որ ՀՀ կառավարության 2008 թ. նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշման համապատասխան ցուցակում ընդգրկվելու նպատակով 2008թ. դեկտեմբերի սկզբին անհրաժեշտ փաստաթղթեր` Ս.Մանուկյան, Ա.Մանուկյան և Գ.Մանուկյան ընտանիքի կազմով ներկայացրել են Արևաշողի գյուղապետարան։ 2009թ. հունվարին Հայցվորը գյուղապետարան է ներկայացրել 2003 թ. փետրվարի 25-ին ծնված Ք.Մանուկյանի, 2008 թ. դեկտեմբերի 21-ին ծնված Ս.Մանուկյանի և 2008 թ. դեկտեմբերի 21-ին ծնված Ա.Մանուկյանի (երեք երեխաներն էլ Գ.Մանուկյանի երեխաներն են) փաստաթղթերը՝ վերը նշված ցուցակի մեջ որպես իրենց ընտանիքի անդամների ընդգրկելու համար։

Գյուղապետարանում իրեն հայտնել են, որ ներկայացված նոր փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քաղաքաշինության նախարարության համապատասխան հանձնաժողով։ Հանձնաժողովից չստանալով որևէ գրություն կամ պատասխան՝ հայցվորը բազմիցս գրավոր դիմել է պարզելու՝ երեխաներին ցուցակ ընդգրկելու հարցը։ 2009թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարն ի պատասխան հայցվորի դիմումի հայտնել է, որ «Ինչ վերաբերում է Արևաշող համայնքում իրականացվող բնակարանաշինության ծրագրում Ձեր թոռներին ընդգրկելու հարցին, ապա հաշվի առնելով, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի համաձայն Ձեր որդու կինը և նրա երեք երեխաները հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և գրանցված չեն համայնքի ծխամատյանում, այն հնարավոր չէ բավարարել։»։

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմից 2010 թ. մարտի 18-ին ստացել է ևս մեկ գրություն, որով պատասխանել են, որ «հարցը ևս մեկ անգամ քննարկվել է… հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացած արտագնա նիստում, և քննարկման արդյունքներով… դիրքորոշումը մնացել է անփոփոխ։»։

Դատարանի վերլուծությամբ՝ Հայցվորին որպես բնակարան ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակելի տուն ստացող ընտանիքների ցուցակում ընդգրկել և ցուցակի համապատասխան կետը ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քաղաքաշինության նախարարի որոշումներով: Փաստորեն սույն գործով դատարանին ներկայացված 2011թ. մարտի 1-ի թիվ 24 հրամանի փոփոխությունը անվավեր ճանաչելու և իր ընտանիքի 6 անդամներին Արևաշող համայնքի ցուցակում ընդգրկված ճանաչելու պահանջներով պատասխանող կողմ կարող է հանդիսանալ համապատասխան հրամանը ընդունած մարմինը, այսինքն՝ տվյալ դեպքում ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ինչ վերաբերում է Արևաշող գյուղապետարանին, ապա այն սույն գործով ըստ էության պատշաճ պատասխանող չի հանդիսանում և նրա դեմ պահանջ չի ներկայացվել։

Ինչ վերաբերում է Հայցվորի պահանջին իր ընտանիքի 6 անդամներին Արևաշող համայնքի ցուցակում ընդգրկված ճանաչելու մասին, ապա Դատարանը գտել է, որ հիմնական պահանջի մերժման պայմաններում այն նույնպես ենթակա է մերժման։

Դատարանը վճռել է Ա.Մանուկյանի ներկայացուցիչ Ա.Պապիկյանի հայցը մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել