Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որը ստեղծվում և գործում է Դատական դեպարտամենտի կազմում:
Դատական կարգադրիչների ծառայությունը կազմված է դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից (բաժանմունքներից): Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմինը կազմված է բաժիններից:
Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատում և փոփոխում է Դատարանների նախագահների խորհուրդը:
Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատում է Դատարանների նախագահների խորհուրդը: Բյուջետային տարվա ընթացքում դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակի փոփոխությունները կատարվում են տվյալ տարվա բյուջետային միջոցների շրջանակում:
Դատական կարգադրիչների ծառայության գլխավոր պաշտոններում նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:
Դատական կարգադրիչների ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններում նշանակում և ազատում է դատական կարգադրիչների ծառայության պետը:
Դատական կարգադրիչը դատարանի գործունեության սահմանված կարգի պահպանման համար Դատական օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝
1) ապահովում է դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) ապահովում է դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.
3) ապահովում է Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.
4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, ապահովում է դատավորի հանձնարարությամբ քրեական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը և դրանց պահպանումը.
5) խափանում է հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն:
Իր լիազորություններն իրականացնելիս դատական կարգադրիչը անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու այլ պետական մարմինների հետ:
Աղբյուրը` Իրավաբան.net