«Էրեբունի» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը երեկոյան տեսանյութ էր հրապարակել, որի առիթով հայտնում ենք հետեւյալը. Հիվանդը «Էրեբունի» ԲԿ -ի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել աորտայի շերտազատվող անեւրիզմայով: Վերակենդանացման բաժանմունքում նրա վիճակը կայունացվել է, հրավիրվել է անոթային վիրաբույժ: Ծանր սոմատիկ պատճառները հաշվի առնելով՝ որոշվել է չգնալ վիրահատության, քանի որ վիրահատական միջամտությունը կարող էր հիվանդի կյանքի հետ անհամատեղելի դառնալ: Հիվանդի հարազատները հրաժարվել են հետագա բուժումից եւ հիվանդը դուրս է գրվել :
Ինչ վերաբերում է #COVID-19 թեստին, նշենք, որ «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացվող յուրաքանչյուր հիվանդից կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ լաբորատորիա: Թեստի պատասխանը ստացվել է մեկ օր հետո՝ դրական: Այսինքն, հիվանդանոց մուտք գործելուց հիվանդն արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, հայտնում ենք, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ: Նույն փաստաթղթի մեջ նշված է նաեւ, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել»։