ԱԺ-ի որոշմամբ չի կարող դադարեցվել Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը․ ՓՊ նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է․

«Ազգային Ժողովի որոշմամբ չի կարող դադարեցվել Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը

Մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ» վերնագրով նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Կարծում եմ, որ այս նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ արջի ծառայություն է մատուցվում, ինչը փորձեմ հիմնավորել ստորև.

1. Նախագիծը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով:

Սահմանադրության 7-րդ գլուխը (դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը) սահմանում է դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների կարգավիճակը, ՍԴ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները, ՍԴ դատավորների ընտրության և նշանակման կարգը, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը և տարիքային ցենզը:

Նախագծով Սահմանադրության 7-րդ գլխից տարբերվող լուծում տալը, մասնավորապես ՍԴ դատավորների/անդամների և նախագահի պաշտոնավարումը դադարեցնելը, հակասության մեջ կմտնի նշված գլխի պահանջների հետ:

2. Սահմանադրության 213-րդ հոդվածն արդեն լուծել է իր առջև դրված խնդիրը:

Սահմանադրական նորմն ունի իր գործողության տարածքային և ժամանակային սահմանները, ինչպես նաև նորմի հասցեատերերի իր շրջանակը:

Անցումային փուլում Սահմանադրության 213-րդ հոդվածը սահմանել է Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարման շարունակականությունը, ինչի հիման վրա ՍԴ անդամներն այլևս համարվում են ՍԴ դատավորներ (այդ փաստն ընդունել է նաև Ազգային ժողովը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին 11.12.2019թ. ՀՕ-312-Ն օրենքով/2-րդ հոդված) և այդ նորմի խմբագրումը չի կարող վերացնել դրանից առաջ ՍԴ անդամների ձեռք բերած կարգավիճակը:

Հակառակ մեկնաբանությունը և կիրառումը կառաջացնի նաև Սահմանադրության 4-րդ հոդվածի պահանջի կոպիտ խախտում առ այն, որ՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, ԳՈՐԾԱԴԻՐ և ԴԱՏԱԿԱՆ իշխանությունների ԲԱԺԱՆՄԱՆ Ու ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՄԱՆ հիման վրա:

3. Սահմանադրության փոփոխության նախագիծը պետք է նախապես ներկայացվեր Սահմանադրական դատարանին

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխություններով (ԱԺ-ն փորձում է նաև նշված օրենքը փոփոխել) այս արգելքը հնարավոր չէ հաղթահարել, քանի որ՝- Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանադրական օրենքի տիրույթում միայն ընթացակարգը սահմանելու հնարավորություն է տալիս, ինքնին թույլ չտալով վերացնել Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու ՍԴ լիազորությունը և այն որոշելու ժամանակահատվածը, ինչը բնորոշված է «մինչև» բառով.

– Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասով Ազգային ժողովին չի տրվում հայեցողական լիազորություն 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ՍԴ դիմելու հարցում (նշված է «դիմում է» և ոչ թե՝ «կարող է դիմել»):

Հ.Գ. Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանի պատգամավորական-իրավաբանական թիմը հերթական անգամ իրավական արկածախնդրության ճանապարհով մեր երկրի իրավական անվտանգության հիմքերը խարխլելու փորձ է անում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել