Մինչ օրս կազմվել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 43536 արձանագրություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 43536  արձանագրություն, իսկ հունիսի 22-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1595  դեպք։

Արտակարգ ռեժիմով ծառայությանը ներգրավված են նաև Ազգային անվտանգության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ռազմական ոստիկանության ծառայողները։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։

Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել