Մարտի մեկի զոհերից՝ Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությունը․
«Հարգելի հայրենակիցներ, վերջերս մամուլում շրջանառվող կեղծ տեղեկություններին եւ հերյուրանքներին արդեն մեկ անգամ անդրադարձ կատարել եմ, բայց կանդրադառնամ եւս մեկ անգամ, քանզի հանրության շրջանակներում լայն քննարկում գտավ, չնայած դա իմ ընտանիքին է վերաբերում միայն։
Այն գումարը, որը պետությունը տրամադրել էր Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին, ես փոխանցելու եմ իմ թոռնիկներին, գումարը ավանդի տեսքով ՀՀ բանկերից մեկում է:
Ես ապրում եմ այնպես ինչպես ապրել եմ, եւ չեմ պատրաստվում շռայլություններ թույլ տալ, դա չէ, որ այսքանից հետո ինձ պետք է հետաքրքրի…Խնդրում եմ իմ ընտանեկան եւ անձնական վիշտը չդարձնել իրականության հետ աղերս չունեցող, ստոր լուրերի առարկա։
Եւ թող որոշ անձինք եւ թվացյալ լրատվամիջոցներ չփորձեն անունս եւ իմ վիշտը շահարկելով ինքնահաստատվել կամ լսարան հավաքել։
Այլեւս չեմ պատրաստվում անդրադարձ կատարել այս ամենին, եւ եթե անկեղծ՝ չէի անի, եթե նման արձագանք չլիներ…իմ մտերիմները, ինձ ճանաչողները լավ գիտեն ինձ՝ որպես անձ, եւ նաեւ լավ գիտեն, թե այսքան տարի ինչի համար եմ պայքարել…միշտ եմ պայքարելու։
Հարգանքներով՝ Սարգիս Քլոյան»,-նշել է նա։