Առաջարկվում է դպրոցի աշակերտական, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը («Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին»), որի 14-րդ, 15-րդ կետերով առաջարկվում է դպրոցի աշակերտական, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ վերջիններս հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախագծով սահմանվում է, որ դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդը հանդիպում է աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ խորհրդի՝ մանկավարժական և ծնողական խորհրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկում են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն, և մրցույթի անցկացման ժամանակ քվեարկության արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ  մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար, որոնք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության է դրել նաև «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որով («Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը) առաջարկվում է Խորհրդի անդամների թիվը հասցնել 9-ի, բացի այդ առաջարկվում է փոխել համամասնությունը հօգուտ մանկավարժների և ծնողների՝ նրանց համար սահմանելով 3-ական անդամներ, իսկ լիազորված մարմնի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչների համամասնությունը նվազեցնել՝ սահմանելով 2+1՝ ըստ ենթակայության: Նշված կարգավորումը առավել ազդեցիկ կդարձնի խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացի ժամանակ մանկավարժների և ծնողների ձայնը:

Նախագծի 3-րդ կետի 5-րդ ենթակետով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհուրդը, ըստ առաջարկվող փոփոխությունների, պետք է կազմված լինի 9 անդամներից, որոնցից 3-ը մանկավարժական խորհրդից, 3-ը՝ ծնողական, իսկ մյուս 3-ը՝ լիազորված մարմնի (Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանի) և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներից (2+1՝ ըստ ենթակայության): Փաստացի ստացվում է, որ դպրոցի խորհրդում 3-ական ներկայացուցիչ ունենում են մանկավարժները, ծնողները և լիազորված մարմինները, հետևաբար տնօրենի ընտրության ժամանակ նախագծով առաջարկվում է խորհրդի նիստն իրավազոր համարել, եթե նիստին մասնակցում է խորհդրի անդամների ընդահուր թվի առնվազն երկու երրորդը, ինչով կապահովվի բոլոր կողմերի մասնակցությունը տնօրենի ընտրության գործընթացին՝ բացառելով առանց կողմերից որևէ մեկի մասնակցության նիստ գումարելու հնարավորությունը:

Նախատեսվում է նաև հեռավոր կամ խոշորացված համայնքներում, ըստ անհրաժեշտության, գործող հանրակրթական դպրոցը կազմակերպել որպես մեկ հանրակրթական ուսումնական հաստատություն՝ վերջինիս հարակից բնակավայրերում դրա մասնաճյուղերի կազմավորման միջոցով՝ նպատակ ունենալով հեռավոր կամ խոշորացված համայքներում իրականացնել արդյունավետ կրթական գործընթացի կազմակերպում, ինչպես նաև՝ մեղմել ներկայում գործող ՀՀ հանրակրթական դպրոցների՝ 40 %-ից ավել հաշվվող փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների հիմնահարցերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել