Նոր նախագիծ, որի ընդունման դեպքում կդադարի ՍԴ նախագահի ու 12 տարուց ավելի աշխատած ՍԴ անդամների (դատավորների) պաշտոնավարումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 53 պատգամավորները շրջանառության մեջ են դրել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում կդադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, եւ նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:

Նախագծում մասնավորապես նշվում է․

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը

1. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:

2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է նախագծում:

Նախագծի հիմնավորումը՝ այստեղ:

Նախագծի ընդունման պարագայում Սահմանադրական դատարանից կհեռանան ՍԴ 3 անդամներ (դատավորներ)՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ (դատավոր):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել