Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ՄԻՊ-ի և իրավապաշտպանների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, իրավապաշտպաններ Զարուհի Հովհաննիսյանի և Ավետիք Իշխանյանի հետ:

Առաջարկելով ներկայացնել իրենց տեսակետները հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ նախագահն ասել է, որ պետք է խոսել ոչ միայն այս պահին առկա խնդիրների և դրանց լուծման, այլև՝ ընդհանրապես ինչպիսի ֆունդամենտալ խնդիրներ կան, որոնք նաև հիմնարար լուծման կարիք ունեն:

Զրույցի ընթացքում մասնակիցներն իրենց տեսակետն են ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա խնդիրների մասին:

Արձագանքելով նրանց հարցերին ու դիտարկումներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ, նույնիսկ իրավապաշտպանությունն է քաղաքականացվել։ Անձնավորում են սկսած նախագահի ինստիտուտից մինչև քաղաքացի կամ իրավապաշտպան։ Սա ոչ միայն անթույլատրելի է, այլև շատ վտանգավոր։ Սա, իհարկե, նոր երևույթ չէ և միայն հայկական երևույթ չէ: Այդ նույն մեխանիզմները տարբեր երկրներում կիրառվում են։ Սա այսօրվա փոփոխված աշխարհի արդյունքն է, որտեղ մարդկանց մեծ մասը իրենց կյանքի մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում, որտեղ ո՛չ օրենք կա, ո՛չ կարգավորում։

Ցավալի է նաև, որ այս մեխանիզմը մեծ թափով կիրառվում է մեր մոտ։ Այն կիրառվում է վերևից և ներքևից, աջից և ձախից, անձնավորված, թիրախավորված է: Արդյունքում՝ շատ հաճախ հետին պլան է մղվում քննարկման նյութը՝ թեման, արդյունքում՝ մենք այն կորցնում ենք։

Մենք պետք է ելնենք այն միջավայրից և իրականությունից, որտեղ ապրում ենք և գործում, փորձենք մեր հնարավորությունների սահմաններում իրավիճակը փոխել և բարելավել։

Եթե նախագահը սկսի ամեն օր օգտագործել իր ունեցած հիմնական գործիքներից մեկը, որը խոսքն է, ապա այն ժամանակի ընթացքում արժեզրկվելու է: Նախագահը պետք է շատ զուսպ լինի և գործի անհրաժեշտ պահերին: Ոչ թե կետային, այս կամ այն դեպքի առիթով, այլ ավելի ընդհանրացված. մարդկանց հանդուրժողականության կոչ անի, տարբեր գործիքներ օգտագործելով նպաստի իրազեկմանն ու աջակցի հանրային քննարկումներին»:

Հանրապետության նախագահն արձագանքել է նաև խորհրդարանական հանրապետությունում նախագահի դերին վերաբերող հարցերին, որոնց մասին նույնպես իրավապաշտպանները խոսել էին: «Անցում է կատարվել նոր փուլի, և մարդկանց մեծ մասն իներցիայով դեռ այնքան էլ չի պատկերացնում, որ Հանրապետության նախագահի լիազորությունները փոխվել են»,- նշել է նախագահը: «Այս ինստիտուտի կարևոր բազմաթիվ խնդիրների շարքում նախ նրա կայանալն է՝ որպես խորհրդարանական երկրում նախագահական ինստիտուտ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Ամենաբարձր մակարդակներից մինչև պարզ քաղաքացիների մեծ մասը հաճախ չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, որ խորհրդարանական երկրում են ապրում։ Սա ստեղծում է անհասկացվածություն, լինում են սխալ մեկնաբանություններ, սպասելիքներ նախագահից, նախագահի ինստիտուտից, որոնք իրատեսական չեն, հետևաբար նախագահը չի կարող իրականացնել»։

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել Հանրապետության նախագահի հետ, որ տարբեր հարցերի շուրջ տարբեր մեխանիզմներ օգտագործելով իրազեկելու, հանրային քննարկումներ անցկացնելու և կրթելու անհրաժեշտություն կա, և բոլորս այստեղ անելիք ունենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել