ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Այսօր՝ հունիսի 19-ին, տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Արմավիրի մարզի Արմավիր քաղաք: Հագուստի և շինարարական ապրանքների վաճառակետերում և խանութներում այս պահի տվյալներով պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի ընդամենը 1 խախտում է արձանագրվել:
Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած նշված ոլորտների գրեթե բոլոր վաճառքի կետերում առկա են եղել ախտահանիչ նյութեր, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ, լվացարաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումներ, ջերմաչափեր և ջերմաչափման գրանցամատյաններ: Բոլոր խանութներում փակցված են եղել պարտադիր դիմակներ կրելու մասին իրազեկման թերթիկներ:
Այլ է իրավճակը նավթամթերքի լցակայանների և գազալցակայանների ոլորտում: Մշտադիտարկում իրականացված տնտեսավարողների ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվել են պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի բազմաթիվ խախտումներ, մասնավորապես բացակայել են փակվող աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակի պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները:
Բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում առկա են եղել ախտահանիչ նյութեր: Մշտադիտարկման արդյունքում գրանցված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ և ներկայացվում են պարետատուն: