Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն արդեն դատարանի բակում է։ Նրան դիմավորեցին ԲՀԿ խմբակցության պտագամավորները։ Ծառուկյանին ուղեկցում էր պատգամվոր Էդուարդ Բաբայանը։ Նա առանց հարցերի պատասխանելու կամ լրագրողներին մոտենալու մտավ դատարան։
Հավելենք, որ երեկ՝ հունիսի 17-ին էր դեռ սկսել կալանքի միջնորդության քննությունը, սակայն ավելի ուշ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ նոր է ներգրավվել որպես պաշտպան և դատարանից պաշտպանական թիմը ժամանակ է խնդրել՝ նյութերին ծանոթանալու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: