Նվեր Ծառուկյանը «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի հետ կապված քրգործով վկայի կարգավիճակ ունի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վաչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում քաղաքացի Նվեր Ծառուկյանն ունի վկայի դատավարական կարգավիճակ:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում շրջանառվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցնության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու անունը։ 

Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով թեմային, 2019 թվականի մարտի 13-ին հայտնել էր, որ բոլորն օրենքի առաջ հավասար են․ «Ըստ օրենքի կարգի, ինչ որ պետք ա կատարվել ա, մենք չենք հրաժարվել, մենք պատրաստ ենք եղել, ոչ թե խուսափելով․․․»։

Թեմայի հետ կապված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը 2019 թվականի հունվարի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր «1-in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել:

Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը: Լրատվամիջոցների իմ գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թ-ի հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության մի շարք մասնակիցների, շարժառիթի վերաբերյալ։ Քրեական գործով ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, իսկ մյուսը՝ սպանության փորձ եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ, կատարվել երկու տասնյակից ավելի խուզարկություններ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական և բազմաթիվ այլ փորձաքննություններ, հարցաքննվել մի քանի տասնյակ անձ, կատարվել բազմաթիվ առգրավումներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել