Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հունիսի 116-ին որոշում է ստորագրել, որի համաձայն․ «Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի՝ անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի վկայականի առկայությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարեց. «Դիմակ չկրելու համար վարչական իրավախախտումը ձևակերպելու ընթացքում խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Սրանից գործընթացի արդյունավետությունը տուժում է: Անձնագիր չունենալն ու դիմակ չկրելը կլինեն առանձին իրավախախտումներ: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով»:
Իրավաբան.net–ը ներկայացնում է, որ դեռևս կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված է, թե ինչն է համարվում անձը հաստատող փաստաթուղթ։
Ասպիսով, Հայաստանի Հանրապետությունում անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթերն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, վերադարձի վկայականը` միայն ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը.
2) փախստական ճանաչված, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը.
4) օտարերկրյա քաղաքացիների համար` օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից տրված անձնագիրը կամ ճամփորդական փաստաթուղթը (միջազգայնորեն ճանաչված), ինչպես նաև ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, ՀՀ հատուկ անձնագիրը: Այն դեպքում, երբ օտարերկրացին ՀՀ միջազգային պայմանագրի հիման վրա ՀՀ պետական սահմանը հատել է ճամփորդության համար չնախատեսված, սակայն օտարերկրյա պետությունում վավեր անձնագրով (ներքին անձնագիր), ապա ՀՀ տարածքում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթ է համարվում նաև ներքին անձնագիրը.
5) քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը, ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ՀՀ-ում օրինական բնակությունը հավաստող փաստաթղթերը` մշտական կացության քարտը, ժամանակավոր կացության քարտը, ՀՀ հատուկ անձնագիրը.
6) ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի համար` ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փաստաթուղթ (ժամանակավոր ապաստանի վկայական):