Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին ավելի քան 30 տարի անց նոր շունչ կառնի, իսկ Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում կկառուցվեն այգիներ։
Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։
Մարզկենտրոնի ամենահին զբոսայգին՝ նախկին Քիմիագործների, այժմ արդեն՝ Շառլ Ազնավուրի անվան՝ շնորհիվ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ավելի քան 30 տարի անց կկենդանանա ու նոր շունչ կառնի:
Սա ամենասպասված ուրախալի լուրերից մեկն է, թերևս, վանաձորցիների, հատկապես՝ տարեց ու միջին սերնդի ներկայացուցիչների համար, ովքեր իրենց երիտասարդության ու մանկության լավագույն տարիներն անց են կացրել այստեղ՝ ըմբոշխնելով այգու ծառերի մեղմ սոսափյունը:
Ծրագրի իրականացման արդյունքում՝
կսալիկապատվեն ճեմուղիները,
կբարեկարգվի ջրավազանը և կտեղադրվի լուսային և ձայնային էֆեկտներով շատրվան,
նախատեսվում է լուսավորության համակարգի արդիականացում, կանաչապատում,
կբարեկարգվեն մուտքի դարպասները, ցանկապատը, հուշարձանի տարածքը,
կտեղադրվեն սմարթ նստարաններ՝ լիցքավորման կետով՝ սնվող արևային էներգիայով, WF հնարավորություններով,
Շախմատի դպրոցի մոտ կտեղադրվի ինտերակտիվ շախմատի մեծ տախտակ և այլն:
Այս գեղեցկությունները վայելելու հնարավորություն կունենան մարզի ողջ բնակչությունը, այլ վայրերից ժամանած հյուրերը:
Այս տարի ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Տարոն-2 և Տարոն-4 թաղամասերը, որտեղ կկառուցվեն այգիներ՝ 0.2 և 1 հա մակերեսներով՝ թաղամասերի բնակչության հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով.
կկատարվի տարածքի բարեկարգում,
ամֆիթատրոնի և սիզամարգի կառուցում,
լուսավորության համակարգի և ցանկապատի կառուցում,
կանաչապատում:
Շահառու կհանդիսանա 30-35 հազար բնակիչ:
Հարկ է նշել, որ ծրագրերի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 232.926.300 դրամ, որից 118.755.780 դրամը` համայնքային ներդրումն է, 21 մլն. դրամը՝ մասնավոր և ավելի քան 93 մլն դրամը՝ ներդրում պետբյուջեից: