Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզի շենքը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 385 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 65 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 35 միլիոն 485 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը:
Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը, որը գտնվում է Արծվաքար թաղամասում, համայնքապետարանի միջոցներով տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է մասնակի նորոգումների: Այս ծրագրով ամբողջությամբ կավարտվի հիմնանորոգումը եւ մանկապարտեզը կունենա ժամանակակից շենքային պայմաններ:
Այս պահին մանկապարտեզում գործում է երեք խումբ, իսկ հիմնանորոգումից հետո դրանց քանակը կավելանա: