Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 16-ին, քննարկվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։
Ելույթներով հանդես են գալիս պատգամավորները։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց իր սենյակում իրականացրած խուզարկության և Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մասին։
«Գիտեք, ինձ շատ բաներում կարելի է մեղադրել, ինչպես դուք նշեցիք, կարելի է մեղադրել էմոցիոնալ լինելու մեջ, բայց Նաիրա Զոհրաբյանը հենց այստեղից ձեռքը կկտրի, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ»,-նշեց նա։