Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է պահը խոստովանել, որ նրանց չի հաջողվել քաղաքացիներին համոզել կամ պարտադրել, որպեսզի նրանք պահեն հակահամաճարակային կանոնները։
«ՀՀ-ում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, լայնածավալ գործողությունների, ՀՀ-ում մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ։ Սա ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման թիվ 1 պատճառն է։
Նման եզրակացություն անելու համար ունենք միջազգային հետազոտություն, որը հրապարակել է Forbes-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիային։ Ըստ հոդվածի, տասնյակ երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Իսպանիայի և ԱՄՆ-ի փորձը ցույց է տալիս, որ դիմակները վճռորոշ ազդեցություն ունեն և թույլ են տալիս էականորեն կրճատել կորոնավիրուսի տարածումը։ Սա այսօր է հրապարակվել, նախկինում այս համոզվածությամբ հետազոտություն, դիմակների հետ կապված, չի եղել։ ԱՀԿ-ն նույնպես արել է հայտարարություն, հետո նոր տվյալների հիման վրա հերքել է այդ հայտարարությունները։ Հիմա ամենաբարձր գիտական մակարդակով կարող ենք հայտարարություն անել, որ դիմակները կորոնավիրուսի կանխարգելումը ապահովող ամենաէֆեկտիվ միջոցն են այս պահի դրությամբ»,-նշել է նա։
«Ինձ հարց եմ տալիս, ինչն ենք մենք սխալ արել, որ մեր հայրենակիցները այսպիսի քամահրանք են ցուցաբերում իրենց առողջությանը նկատմամբ»,-հռետորական հարց ուղղեց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ եթե չպահպանվեն կանոնները, համաճարակը չի հաղթահարվելու կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ․ «Բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային՝ կմահանան, որից հետո թվերը կիջնեն։ Մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների դատապարտում ենք մահվան»։
Հետազոտության մեջ նշվում է նաև, որ դիմակները անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց, դրանք հնարավորություն են տալիս չշնչել վարակվածների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ․ «Սա հերթական սենսացիոն հայտարարությունն է»։
Մանրամասները՝ տեսանյութում